Գիրք նվիրելու օրը Ժաննա Անդրեասյանը պարգևատրեց Ընթերցանության օլիմպիադայի մարզային փուլի հաղթողներին

Հովհաննես Թումանյանի ծննդյան օրը՝ փետրվարի 19-ին, որը Հայաստանում նշվում է որպես Գիրք նվիրելու օր, ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը Երևանի Հակոբ Կարապենցի անվան հ․ 6 հիմնական դպրոցում պարգևատրեց Ընթերցանության օլիմպիադայի մարզային փուլի 25 հաղթողի։

Ժաննա Անդրեասյանը կարևորեց աշակերտների մասնակցությունն օլիմպիադային՝ շեշտելով, որ դա նշանակում է, որ դպրոցականները մեծ նշանակություն են տալիս կարդալուն, դա էլ այն է, ինչը  նախարարությունը փորձում է խրախուսել՝ նաև օլիմպիադաներ կազմակերպելով։

«Երկրորդ տարին է, որ անցկացնում ենք Ընթերցանության օլիմպիադան, և ես շատ ուրախ եմ, որ մասնակցության էական աճ է նկատվում։ Առաջին տարում օլիմպիադայի դպրոցական փուլին գրանցվել է 9 հազար 934 երեխա, խոսքը միայն 5 և 6-րդ դասարանների երեխաների մասին է, իսկ այս տարի օլիմպիադային գրանցվել է 17 հազար 889 մասնակից։ Սա նշանակում է, որ այն ուշադրությունը, որը փորձել ենք ցուցաբերել, չի մնացել նախարարության պատերի ներսում, գնացել է դպրոցներ, աշակերտների ընտանիքներ»,-ասաց նախարարը։

Նրա խոսքով՝ գրքի նկատմամբ վերաբերմունքը ձևավորվում է երեխայի ծնված օրվանից, երբ  նրա համար մանկական գրքեր են կարդում, հետագայում զրուցում են գրքերի մասին,  սովորեցնում են միմյանց գրքեր նվիրել և այլն։

Անդրեասյանը շեշտեց՝ Ընթերցանության օլիմպիադայի առաջադրանքները կառուցված են այնպես, որ երեխաներին հնարավորություն են տալիս զարգացնել տեքստը կարդալու, ընկալելու, հասկանալու հմտությունները։Մինչ աշակերտներին մրցանակներ հանձնելը Ժաննա Անդրեասյանը վստահեցրեց՝ երբ կարդալը դառնում է  ապրելակերպ, մեծ հաջողությունների հնարավորություն է ընձեռում։

Միջոցառմանը ներկա էր նաև արձակագիր Արտավազդ Եղիազարյանը, որը երեխաների հետ քննարկեց նրանց տարիքային խմբին համապատասխան գրական ստեղծագործություններ: 

Լրահոս

Օրացույց

Փետրվարի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728