Volkswagen-ը շրջանցել է Tesla-ին Եվրոպայում էլեկտրամոբիլների վաճառքով

Գերմանական Volkswagen (VW) ավտոարտադրողը 2025 թվականի արդյունքներով դարձել է Եվրոպայում էլեկտրամոբիլների խոշորագույն վաճառողը, հայտնում է գերմանական Tagesschau լրատվական ծրագիրը։ Ինչպես նշվում է դրա կայքում, վաճառքների արդյունքները թույլ են տալիս ենթադրել, որ Վոլֆսբուրգի ավտոընկերությունը կարող է առաջատարի դիրքերից դուրս մղել էլեկտրամոբիլների ամերիկյան արտադրող Tesla-ին։

Tagesschau-ի հեղինակները հղում են անում ձեռնարկությունների խորհրդատվության մեջ մասնագիտացած JATO ընկերության վերլուծությանը, հաղորդում է DW-ն։ Ըստ այս տվյալների, նախորդ տարի VW-ն վաճառել է 274,278 էլեկտրամոբիլ։ Այս ցուցանիշը 56%-ով բարձր է 2024 թվականի մակարդակից։ Նշվում է, որ նման արդյունքի հաջողվել է հասնել հիմնականում VW-ի նոր մոդելների, այդ թվում՝ միջին դասի ID.7 էլեկտրամոբիլի վաճառքի շնորհիվ։

Ինչ վերաբերում է Tesla ընկերությանը, ապա 2025 թվականին նրա վաճառքները Եվրոպայում 2024-ի համեմատ նվազել են 27%-ով։ Սա կարող է պայմանավորված լինել նրանով, որ արտադրողը շարունակել է շեշտը դնել Եվրոպայում իր «հնացած» մոդելների վաճառքի վրա։ Որպես վաճառքի ծավալների կրճատման հնարավոր այլ պատճառ հեղինակները նշում են քաղաքականության հետ կապված հեղինակության խնդիրները։ Ինչպես հաղորդում է Tagesschau-ն, Գերմանիայում Tesla-ն համարվում է ամենավատ հեղինակություն ունեցող ընկերությունը։

Այդուհանդերձ, Tesla Modell Y-ը 2025 թվականին Եվրոպայում ամենավաճառվող էլեկտրամոբիլն է դարձել։ Երկրորդ տեղում VW կոնցեռնի կազմում ներառված Skoda ավտոարտադրողի Elroq մոդելն է։

Լրահոս

Օրացույց

Փետրվարի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728