Պարսից ծոցի երկրները փորձում են թույլ չտալ պատերազմն ԱՄՆ-ի եւ Իրանի միջեւ. FT

Պարսից ծոցի երկրները, այդ թվում՝ Կատարը, Օմանը եւ Արաբական Միացյալ Էմիրությունները, փորձում են կանխել ԱՄՆ-ի եւ Իրանի միջեւ նոր պատերազմը։ Այս մասին տեղեկացրել է Financial Times (FT)-ը։

Թերթի տվյալներով՝ արաբական եւ մուսուլմանական պետությունները «բանակցություններ են վարում ե՛ւ ԱՄՆ-ի, ե՛ւ Իրանի հետ՝ փորձելով նվազեցնել լարվածությունը» երկու երկրների միջեւ։ Մասնավորապես, նրանք փորձում են համոզել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին՝ չհարվածել Իրանին։ Նրանք վախենում են, որ նման քայլը կարող է «ավելի լայն հակամարտություն հրահրել Մերձավոր Արեւելքում եւ ստիպել Թեհրանին թիրախավորել Պարսից ծոցի նավթագազային օբյեկտները»։

Թերթի գնահատմամբ՝ երկու երկրների միջեւ լարվածությունը սրվել է այն բանից հետո, երբ Թրամփը հայտարարել է, որ Թեհրանի ժամանակը Վաշինգտոնի հետ համաձայնության հասնելու համար սպառվում է։ Անանուն դիվանագետը թերթին ասել է, որ բանակցողները «շարունակում են իրենց ջանքերը, բայց դեռեւս որեւէ առաջընթաց չի եղել»։ Նրանց միացել են նաեւ շվեյցարացի դիվանագետներ, որոնք նույնպես «փորձում են մասնակցել Վաշինգտոնի եւ Թեհրանի միջեւ լարվածությունը նվազեցնելու ջանքերին»։

Թրամփն ավելի վաղ հայտնել էր, որ «մեծ նավատորմ» է շարժվում դեպի Իրան։ Նա հույս է հայտնել, որ Թեհրանը կնստի բանակցությունների սեղանի շուրջ եւ կկնքի «արդար եւ իրավահավասար» համաձայնագիր, որը կենթադրի միջուկային զենքից լիակատար հրաժարում: ԱՄՆ առաջնորդը հիշեցրել է, որ անցյալ տարվա հունիսին ԱՄՆ-ը հարվածներ է հասցրել իսլամական հանրապետության միջուկային օբյեկտներին՝ գործողությունն անվանելով «Կեսգիշերային մուրճ»: Նա զգուշացրել է, որ «հաջորդ գրոհն ավելի վատ կլինի»՝ կոչ անելով «թույլ չտալ, որ դա տեղի ունենա»:

Լրահոս

Օրացույց

Հունվարի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031