Մի քանի օր առաջ Թագուհի Ղազարյանի մոտ հարցազրույցի էինք, քննարկում էինք և այնտեղ՝ միտք ծագեց՝ քանի որ երգելու, նվագելու շնորհք չունեմ, ապա ինչու ոչ՝ պարի մի համար դնենք և իմ նախաձեռնությունն էր երիտասարդներն էլ սիրով միացան և միասին նման բան ենք նախաձեռնել։ Այս մասին այսօր՝ հունվարի 30–ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց Անահիտ Ավանեսյանը՝ պատասխանելով հարցին, թե իր պարելու դրվագով համացանցում տարածված տեսանյութը սեփական նախաձեռնությա՞մբ է, թե՞ երաժշտության հեղինակ Նիկոլ Փաշինյանի։
Ավանեսյանը ժպիտով հարցրեց լրագրողներին. «Դուր եկա՞վ ձեզ, թե՞ ոնց։ Դա պարզապես պար է, որ երիտասարդների հետ կբեմադրենք»։
Նախարարն ասաց, որ այդ պարն ընդամենը մեկ օր է բեմադրվելու։
Արձագանքելով դիտարկմանը, թե պատասխանատու պաշտոն զբաղեցնողը ժամանակ ունի պարելու՝ Ավանեսյանն ասաց. «Ես նաև քնում եմ, հաց եմ ուտում, երեխաներիս հետ եմ հեռախոսով շփվում։ Այո, երբեմն պարում էլ եմ, դա անում եմ աշխատանքային ժամերից դուրս՝ երեկոյան։ Երկար բարդ, ծանր աշխատանքի հետ միասին մարդը պետք է ունենա նաև այլ հետաքրքրություններ՝ գիրք կարդա, պարի, երգի, շփվի, որպեսզի կարողանա իր հոգեկան առողջությունը պահպանել»։
Նա չբացառեց, որ ՔՊ-ի խմբակցության մյուս կին նախարարները և պատգամավորները միանան իր պարին։
Ավանեսյանը հայտնեց, որ այլ ոլորտներում աշխատելու փորձ ունի և կարող է նախարարից բացի այլ գործունեությամբ զբաղվել, բայց համոզմունք հայտնեց, որ այն 2026 թվականին չի լինի, որովհետև ՔՊ-ն վստահաբար հաղթանակ է տանելու։






































