Մի քանի օրից Փարիզի քաղաքապետարանի դիմաց փակցնելու ենք Բաքվում պահվող հայ գերիների լուսանկարները․ Փարիզի փոխքաղաքապետ

Մի քանի օրից Փարիզի քաղաքապետարանի դիմաց փակցնելու ենք Բաքվում պահվող հայ գերիների լուսանկարները: Այս մասին հայտարարել է Փարիզի փոխքաղաքապետ Արնո Նգաչան՝ Փարիզի քաղաքապետարանում տեղի ունեցած «Հիշում եմ քո ձայնը» փաստավավերագրական ֆիլմի ցուցադրության ժամանակ:

«Հուսով եմ, այդ օրը շատ մարդ կլինի մեր կողքին, քանի որ այդ կերպ ևս մեկ անգամ փորձելու ենք լսելի դարձնել գերիների ձայնը»,- ասել է նա։

«Հիշում եմ քո ձայնը» ֆիլմը 2023-ի սեպտեմբերին Արցախում տեղի ունեցած էթնիկ զտման մասին պատմող առաջին փաստավավերագրական ֆիլմն է: «Voices of hope» հիմնադրամի և ամերիկյան «All prime group» ընկերության համատեղ արտադրության «Հիշում եմ քո ձայնը» ֆիլմում հեղինակները 6 տեղահանվածների օրինակով ներկայացնում են 120 հազար հայերի ճակատագիրը:

ԱՄՆ-ից և Բրազիլիայից հետո, ֆիլմը ցուցադրվել է Ֆրանսիայում՝ Փարիզի քաղաքապետարանում՝ G2iA ասոցիացիայի նախաձեռնությամբ և Փարիզի քաղաքապետարանի աջակցությամբ:

Image — 2026-01-28T000946.824.jfif (201 KB)

«Դուք չունեք նավթ, չունեք գազ, գուցե հենց այդ պատճառով էլ Արցախում տեղի ունեցածը որոշներին հետաքրքիր չէ: Ցավոք, դա շատ տեսանելի է, հատկապես, երբ տեսնում ենք, որ այլ հակամարտությունների մասին խոսում են միշտ և ամենուր, ուստի կարծում եմ, որ արցախցիների ձայնը ևս պետք է լսելի դարձնել աշխարհում»,-ասել է Փարիզի փոխքաղաքապետը:

«Սա փոքրիկ ֆիլմ է ընդամենը, բայց ինչպես հայտնի ասացվածքն է ասում՝ ավազահատիկներից մեկն է ի վերջո կոտրում ուղտի մեջքը: Թող սա այն փոքրիկ հատիկներից մեկը լինի, որը մի օր կկոտրի անարդարության ուղտի մեջքը»,- ասել է «All prime group» ընկերության համահիմնադիր Արշակ Կարապետյանը:

Նիկոլայ Մելիքյանի և Արայիկ Սարգսյանի «Հիշում եմ քո ձայնը» ֆիլմը ցուցադրվել է նաև Ֆրանսիայի Թուլուզ քաղաքում՝ Թուլուզի հայկական ընկերակցության նախաձեռնությամբ:

«Մենք գիտենք, որ Թուրքիան և Ադրբեջանը փորձում են ճնշել Հայաստանին՝ տարբեր ժամանակներում փոքրացնելով Հայաստանի տարածքը: Հիմա էլ շատ լավ գիտենք, թե TRIPP նախագիծը կոնկերտ որ երկրի շահերն է սպասարկում»-ասել է Թուլուզ մետրոպոլի փոխնախագահ, Թուլուզի քաղաքապետի տեղակալ Ժան-Կլոդ Դարդելեն և ընդգծել, որ «Հիշում եմ քո ձայնը» ֆիլմը պետք է ցուցադրվի միջազգային հարթակներում, աշխարհին հիշեցնելով, որ Լեռնային Ղարաբաղի 9-ամսյա շրջափակումից հետո, Ադրբեջանը ներխուժեց հայկական տարածք՝ սպանեց հայերի, իսկ ավելի քան 100 հազար մարդու դատապարտեց բռնել գաղթի ճանապարհը՝ միջազգային լիակատար լռության պայմաններում: Արցախի բռնի տեղահանման մասին ֆիլմի ֆրանսիական ցուցադրություններն ավարտվել են Նիսում:

Լրահոս

Օրացույց

Հունվարի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031