Հայաստանում 2026 թվականի հունվարի 1-ից մոտ 1 միլիոն 600 հազար մարդ կունենա առողջության ապահովագրություն։
Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ կառավարությունը՝ ներկայացնելով 10 փաստ առողջության համընդհանուր ապահովագրության համակարգի մասին։ «Հունվարի 1-ից մոտ 1,600,000 մարդ կունենա առողջության ապահովագրություն։ Ազգային ժողովն ամբողջությամբ ընդունեց «Առողջության համընդհանուր ապահովագրության մասին» օրենքը:
Սա ՀՀ Կառավարության առանցքային բարեփոխումներից է առողջապահության ոլորտում։ Խոսակցություններն ու ենթադրություններն այս թեմայի վերաբերյալ շատ են։
Ինֆորմացիոն աղմուկից անդին․ բարեփոխման մասին 10 կարևոր փաստ, որ վերաբերում է բոլորիս»,-ասված է հաղորդագրության մեջ։
Փաստ 1. ՀՀ կառավարությունը 2026թ․ հունվարի 1-ից կներդնի առողջության համընդհանուր համակարգ։ Այն կներդրվի փուլային տարբերակով։ Առաջին փուլում կընդգրկվի մոտ 1,600,000 մարդ։
Փաստ 2․ Առաջին փուլով կապահովագրվեն.
• 0-18 տարեկանները
• 65 + տարիքի քաղաքացիները
• Հաշմանդամության 1-ից 3-րդ կարգ ունեցող քաղաքացիները
• Ֆունկցիոնալության սահմանափակում ունեցող անձինք
• Սոցիալապես անապահով խմբերը
• Զոհված զինծառայողների ընտանիքները
• 200,001 դրամ և ավելի աշխատավարձ ստացողները:
Փաստ 3. 2029թ. ապահովագրական փաթեթ կունենան ՀՀ բոլոր քաղաքացիներն ու ռեզիդենտները։
Փաստ 4. Առողջության համընդհանուր ապահովագրության տարեկան վճարը կազմելու է` 129 600 դրամ, ամսական` 10 800 դրամ: Պետությունն ամբողջությամբ կվճարի՝
• 0-18 տարեկանների
• 65+ անձանց
• Սոցիալապես անապահով խմբերի
• Զոհված զինծառայողների ընտանիքների փոխարեն
Փաստ 5. 200 001 դրամից մինչև 500 000 դրամ աշխատավարձ ստացողների ապահովագրավճարի գերակշիռ մասը 2026 թվականին պետության կողմից փոխհատուցվելու է:
Մասնավորապես` «Զինապահ» հիմնադրամին հատկացվող 5500 դրամից 4500 դրամն ուղղվելու է Ապահովագրության հիմնադրամին։ Հավելյալ՝ գումարվելու է սոցիալական կրեդիտի հետվերադարձը, արդյունքում` այս խմբի քաղաքացիները վճարելու են ամսական ընդամենը 300 դրամ:
Փաստ 6. 500 000 դրամից մինչև 1 մլն դրամ ստացող քաղաքացիների կողմից «Զինապահ» հիմնադրամին հատկացվող 8500 դրամից 7500 դրամն ուղղվելու է Ապահովագրության հիմնադրամին, մնացած 3300 դրամը պահվելու է իրենց աշխատավարձից, սակայն 2027 թվականին այն ամբողջությամբ կարող են հետ ստանալ` ֆիզիկական անձանց հայտարարագրման համակարգով` որպես եկամտահարկի վերադարձ:
Փաստ 7. Սոցփաթեթի շահառուները, որոնց աշխատավարձը 200 001 դրամ և ավելի է, նրանք առաջին փուլով (2026թ. հունվ.1) կներառվեն ապահովագրական համակարգ, իսկ սոցփաթեթի այն շահառուները, որոնց աշխատավարձը 200 000 դրամից պակաս է, նրանք կշարունակեն սպասարկվել սոցփաթեթի շրջանակում:
Փաստ 8. Համակարգը ներդնելու համար կստեղծվի հիմնադրամ, կձևավորվի հոգաբարձուների խորհուրդ, տնօրենը կընտրվի մրցութային կարգով:
Փաստ 9. Առողջության ապահովագրության փոխհատուցմամբ բուժօգնություն կարելի է ստանալ թե՛ պետական, թե՛ մասնավոր բուժհաստատություններում՝ ապահովագրության վկայագրով:
Փաստ 10. Ապահովագրության փաթեթում ներառված հիվանդությունների, ախտորոշումների, սքրինինգների, ինչպես նաև դեղերի կոնկրետ ցանկը հասանելի կլինի «Արմեդ» հավելվածում, Առողջապահության նախարարության և Հիմնադրամի պաշտոնական կայքերում:






































