Առաջին հայացքից թվում է, թե մենք ունենք հասարակություն, որը ջարդվել է, ամեն ինչի համակերպում է և պայքարող իրավագիտակից հանրության մոտ դա բերում է խոր հիասթափության, անկումային տրամադրությունների։ Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 12–ին, «Ուր են տանում հանրային տրամադրությունները» թեմայով քննարկման ժամանակ նշեց «Այլընտրանքային նախագծեր» խմբի անդամ Վահե Հովհաննիսյանը։
«Մի ուրիշ օրինակ, ենթադրենք հիմա ասում է, որ պատարագներից առաջ պիտի հնչի Հայաստանի հիմնը։ Մենք բոլորս հասկանում ենք, որ դա, մեղմ ասած, գրագետ չէ և ճիշտ չէ, բայց եթե այդ նույն մարդը վեր կենար ասեր՝ չէ, փոշմանեցի, պատարագներից առաջ պիտի հնչի Հայաստանի և Ադրբեջանի հիմնը՝ ի նշան խաղաղության, ի՞նչ եք կարծում, ի՞նչ ռեակցիա է լինելու, նույնը, ինչ որ այսօր կա։ Այդ իր շրջիկ հավատացյալների խումբը ողջունելու է, իր պետական համակարգը լռելու է, ովքեր հասկանում են, որ դա անթույլատրելի է՝ լռելու են։ Լինելու են Հռոմի պապից ավելի կաթոլիկներ, որոնք ողջունելու են, ծափահարելու են։ Արդյո՞ք սա նշանակում է, որ մեր հասարակության ողնաշարը ջարդված է։ Միանշանակ ոչ, և դա երևալու է էլեկտորալ պրոցեսներին զուգահեռ։ Իմ խորին համոզմամբ, ապրիլ, մայիս, հունիս ամիսներին Հայաստանում լինելու է լրիվ այլ տրամադրություն, լինելու է մեծ էլեկտորալ ակտիվություն, և դա անակնկալ է լինելու բոլորիս համար։ Մենք տեսնելու ենք, որ այստեղ ամենևին ջարդված և ամենևին անկում ապրած հասարակություն, չէ, առողջացման միտումները պարզ երևալու են։ Այստեղ կարեւոր է լինելու գրագետ աշխատելը»,–ասաց նա։
Վահե Հովհաննիսյանը համոզմունք հայտնեց, որ հանրային ընկալումների փոփոխության համար շատ կարևոր է «ընդդիմություն» հասկացության վերանայումը. «Այստեղ ամենակարևոր խնդիրը առաջիկա վեց ամսում ինքդ քո և հասարակության առաջ ազնիվ լինելն է։ Եթե դու մտնում ես պրոցեսի մեջ հետապնդելով մերկանտիլ, լեգոիստիկ շահեր, դա շատ վատ բան է և ինչ-որ տեղ կարող են այդ ուժերը դառնալ հանցակից պատմական տեսանկյունից։ Այստեղ շատ կարևոր է չսևեռվել սեփական վարկանիշի և սեփական հաղթանակի վրա։ Շատ կարևոր է խնդիրը դնել պետության հաղթանակը, հասարակության հաղթանակը, ոչ թե կոնկրետ լիդերի կամ կոնկրետ ուժերի։ Սա մանդատի ընտրություն չէ, նոր իշխանության մեջ փայ ունենալու մասին ընտրություն չէ»։
Նա կոչ արեց չնեղացնել ընդդիմության գաղափարը. ««Ընդդիմություն հասկացությունը պետք է բացել այնքան, որ բոլոր նրանք, ովքեր չեն համակերպվում այս իրականության հետ, համարվում են ընդդիմություն։ Դրանք կարող են լինել մարդիկ, որոնք որևէ կուսակցության անդամ չեն, մարդիկ որևէ ակտիվ պրոցեսների չեն մասնակցում, մարդիկ, որոնք իրենց ընտանեկան հոգսերով ապրում են։ Եթե մենք հասկանանք, որ այսօր այս պատմական ֆոնին ընդդիմությունը ոչ թե մեկ-երկու ուժերն են, այլ այն հասարակությունը, որն ուզում է փոխություններ, ապա մենք կֆիքսենք, որ խոսքը մինչև 75% հասարակության մասին է, իսկ դա իսկապես իններորդ ալիք է, դրա դեմ ոչինչ հնարավոր չի անել, ոչ մի ռեպրեսիայով, ոչ մի կալանքով չես կարող կանգնել դրա դեմ»,– ընդգծեց քաղաքագետը։






































