Պատասխանատվությունն այլոց վրա բարդելու Փաշինյանի ու իր թիմի փորձը տապալվեց. Սերժ Սարգսյանի անդրադարձը ԼՂ-ին վերաբերող փաստաթղթերի հրապարակմանը

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի անդրադարձը ՀՀ կառավարության կողմից ԼՂ հիմնախնդրի բանակցային գործընթացին վերաբերող փաստաթղթերի հրապարակման կապակցությամբ.

«Պաշտոնական մեկնաբանությունը՝ «Ի՞նչ է բացահայտում Լեռնային Ղարաբաղի բանակցային փաթեթը» վերտառությամբ, որով ազդարարվեց 2025 թվականի դեկտեմբերի 2-ին Հայաստանի կառավարության կողմից Ղարաբաղյան հիմնախնդրի բանակցային գործընթացին վերաբերող փաստաթղթերի հրապարակումը, ոչ այլ ինչ է, քան պարզունակ, ընդ որում անհեռանկարային փորձ՝ այլոց վրա բարդելու պատասխանատվությունը 2018 թվականի մայիսից հետո Լեռնային Ղարաբաղի հարցով իշխանությունների վարած ձախողյալ քաղաքականության աղետալի հետևանքների համար։

Շատ պարզ հարց է ծագում. եթե, ըստ Հայաստանի ներկայիս իշխանավորների պնդումների, բանակցային գործընթացն ու համանախագահների առաջարկները առավելություններ էին տալիս միայն Բաքվին, ապա ինչո՞ւ էր հենց ադրբեջանական կողմը առնվազն 2008 թվականից ընդհուպ մինչև 2018 թվականը հրաժարվում այդ բոլոր առաջարկներից, քննադատում համանախագահներին և նույնիսկ կոչ անում լուծարել խումբը։

Ադրբեջանը, ի տարբերություն Հայաստանի, հրաժարվել է հիմք ընդունել Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ համանախագահ երկրների՝ Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի նախագահների 5 հայտարարություններ, որոնք արվել են Լ’Ակվիլայում, Մուսկոկայում, Լոս Կաբոսում և Էնիսկիլենում:

Ադրբեջանը, ի տարբերություն Հայաստանի, մերժել է 2008-2017 թվականներին ԵԱՀԿ արտգործնախարարների խորհրդի շրջանակներում ԵԱՀԿ արտգործնախարարների ընդունած հայտարարությունները և 2010 թվականին Աստանայում ԵԱՀԿ գագաթնաժողովում ընդունված հայտարարությունը, կամ էլ հետագայում է հետքայլ արել նախնական համաձայնությունից։

Ադրբեջանը, ի տարբերություն Հայաստանի, հրաժարվել է Սանկտ Պետերբուրգի (2010թ. հունիսի 17), Աստրախանի (2010թ. հոկտեմբերի 27), Սոչիի (2011թ. մարտի 3), Կազանի (2011թ. հունիսի 24), Սոչիի (2012թ. հունվարի 23), Վիեննայի (2016թ. մայիսի 16), Սանկտ Պետերբուրգի (2016թ. հունիսի 20), Ժնևի (2017թ. հոկտեմբերի 16) գագաթաժողովներում ձեռք բերված պայմանավորվածություններից:

Փակուղի մտցնելով իրեն բանակցային գործընթացում՝ Ադրբեջանը մինչև 2018 թվականը բազմիցս սպառնացել է դուրս գալ դրանից, բայց չի արել այդ քայլը, վախենալով բաց առճակատումից հակամարտության կարգավորման միջնորդության միջազգային մանդատ ունեցող համանախագահ երկրների՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի երեք մշտական անդամներ Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի հետ, համապատասխանաբար վախենալով նաև ողջ միջազգային հանրության հետ բաց ընհարումից: Ընդ որում Բաքուն, հրադադարի բազմակի խախտումներով, բանակցային գործընթացի տորպեդահարմամբ մշտապես սադրել է Երևանին հրաժարվել բանակցություններից, որպեսզի Հայաստանի վրա բարդի խաղաղ գործընթացի ձախողման մեղքը։ Բայց դա ադրբեջանական կողմին ոչ մի կերպ չի հաջողվել։

Ավելին, Հայաստանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների դիրքորոշումները դառնում էին գրեթե համահունչ, ինչի մասին հրապարակավ հայտարարվել է բազմիցս։

Հրաժարվելով համանախագահ երկրների գրեթե բոլոր առաջարկներից, նախաձեռնություններից կամ մշտապես հետքայլ կատարելով արդեն ձեռք բերված պայմանավորվածություններից՝ Ադրբեջանը հակամարտության կարգավորման նկատմամբ մոտեցումներում գործնականում հակադրվեց ոչ միայն Հայաստանին, այլև միջազգային հանրությանը:

2018 թվականի գարնանը Հայաստանում տեղի ունեցած իշխանափոխությունից հետո ակնհայտ էր խաղաղ կարգավորման շուրջ բանակցային գործընթացի տարիների ընթացքում մշակված ամենի պահպանմանը, ամրագրմանը և հետագա կատարելագործմանն ուղղված ջանքերը շարունակելու անհրաժեշտությունն ու կարևորությունը:

Ակնհայտ էր նաև, որ դրանից նահանջը կարող է անկանխատեսելի հետևանքներ ունենալ։ Նույն կարծիքին էին նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները։

Սակայն Հայաստանի նոր իշխանությունները 2018-ի մայիսից հետո հայտարարեցին, թե որոշել են բանակցությունները սկսել «իրենց կետից», գործնականում հրաժարվելով նախորդ տարիների բանակցային աշխատանքի արդյունքներից, բայց ըստ որում չկարողանալով նույնիսկ համանախագահներին բացատրել, թե որտեղ է այդ «իրենց կետը»։ Եթե մինչ իրենց բազմիցս հավաստվել էր, որ Հայաստանի դիրքորոշումը համահունչ է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների մոտեցումներին, ապա այդժամ Երևանը միջազգային հանրության աչքում դարձավ բանակցային գործընթացի ոչ կառուցողական կողմ: Իսկ այն բանից հետո, երբ Հայաստանի նոր տիրակալը, «իրեն գժի տեղ դրած», սկսեց կասկածներ հայտնել, թե հակամարտությունը կարելի է լուծել բանակցությունների միջոցով, Բաքուն ստացավ այն, ինչը նրան չէր հաջողվում տարիներ շարունակ. որպես կազուս բելլի՝ պատերազմի սանձազերծման առիթ, մեղադրել Հայաստանին բանակցություններից հրաժարվելու մեջ։

Հնարավո՞ր էր արդյոք կասեցնել պատերազմը։ Հավանաբար՝ այո, եթե պատրաստ լինեին համարժեք հակահարված տալ, և եթե աջակցություն ու ըմբռնում լիներ դաշնակիցների և միջազգային հանրության կողմից, որոնք վճռական միջոցներ կձեռնարկեին ռազմական գործողություններն անմիջապես դադարեցնելու համար։

Իրադարձությունների այդպիսի զարգացման ականատեսը եղանք 2016 թվականի ապրիլին, երբ ձախողվելով դիվանագիտական դաշտում՝ Ադրբեջանը ագրեսիվ գործողություններ սանձազերծեց Լեռնային Ղարաբաղի դեմ, փորձելով ուժային մեթոդներով պարտադրել իր մոտեցումները բանակցային գործընթացի շրջանակներում, բայց այդ փորձերը ձախողվեցին։ Սակայն Փաշինյանի ու իր թիմի դիվանագիտական, քաղաքական, ինչպես նաև ռազմական ակնհայտ սխալների պատճառով Հայաստանը 2020 թվականին հայտնվեց շատ ողբալի վիճակում, ինչը հանգեցրեց ջախջախիչ ռազմական պարտության՝ բազմահազար զոհերով, և Արցախի կորստի։

Այն պնդումները, թե բանակցային գործընթացի ընթացքում Ռուսաստանը, համանախագահ մյուս երկրները հակամարտության կարգավորման նպատակով, իբր, առաջարկել են Ադրբեջանին վերադարձնել հայկական վերահսկողության տակ գտնվող 7 շրջանները Լեռնային Ղարաբաղի շուրջ՝ փոխարենը ոչինչ չառաջարկելով ո՛չ կարգավիճակի, ո՛չ անվտանգության երաշխիքների, ո՛չ էլ այլ բնութագրիչների առումով, ոչ միայն չեն համապատասխանում իրականությանը, այլև չեն դիմանում որևէ քննադատության: Այդ մասին բազմիցս հայտարարություններ են արել Մինսկի խմբի համանախագահ երկրները, այդ մասին ակնառու կերպով վկայում են նաև դեկտեմբերի 2-ին Հայաստանի ներկայիս իշխանավորների հրապարակած փաստաթղթերը»:

Լրահոս

Օրացույց

Դեկտեմբերի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031