Վրաստանը խստացնում է բողոքի ակցիաների անցկացման կանոնները

«Վրացական երազանքը» փոփոխություններ է մտցնում օրենքում՝ խստացնելով քաղաքացիների բողոքի արտահայտման պայմանները: Վրաստանի Ներքին գործերի նախարարության աշխատակիցները պարտավոր կլինեն զգուշացնել ցուցարարներին, եթե հավաքը կամ ցույցը անցկացվում է մարդաշատ այն տարածքում՝ որտեղ հետիոտներ են տեղաշարժվում (մայթերին), կամ եթե մասնակիցների թիվը բավարար չէ:

Արգելվելու է նաև հետիոտնային երթևեկության գոտիները տրանսպորտային միջոցներով, տարբեր կառույցներով և առարկաներով փակելը։

Կազմակերպիչները պարտավոր կլինեն տեղեկացնել ՆԳՆ-ին այն մասին, որ պատրաստվում են փակել ճանապարհի մի մասը հետիոտների համար կամ երթևեկելի հատվածը տրանսպորտի համար։ Հավաքի կամ ցույցի կազմակերպման և անցկացման մասին ծանուցումը պետք է ներկայացվի Վրաստանի ՆԳՆ Պարեկային ոստիկանության դեպարտամենտ՝ ոչ ուշ, քան յուրաքանչյուր հավաքից կամ ցույցից 5 օր առաջ։

«Երազանքը» մտադիր է այս բոլոր փոփոխությունները արագացված կարգով մտցնել «Հավաքների և ցույցերի մասին» օրենքում։ Փոփոխություններ են մտցվում նաև Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում։

Նույն նախագծի համաձայն՝ Վրաստանի Ներքին գործերի նախարարությունը պարտավոր կլինի հրապարակայնորեն նախազգուշացնել քաղաքացիներին ողջամիտ ժամկետում և պլանավորված, այլ ոչ թե ինքնաբուխ հավաքի կամ ցույցի դեպքում առաջարկել այլընտրանքային ժամանակ, վայր կամ ամսաթիվ, «եթե Ներքին գործերի նախարարությունը որոշում կայացնի նման առաջարկի վերաբերյալ»։

Եթե ​​ցուցարարների թիվը բավարար չէ ճանապարհը փակելու համար, ապա Ներքին գործերի նախարարության աշխատակիցները պարտավոր կլինեն մաքրել տարածքը և բացել այն հետիոտների կամ տրանսպորտային միջոցների համար։

Իսկ եթե բողոքի ակցիայի մասնակիցների բավարար քանակ հավաքվի, ապա, մարդկանց կողմից երթևեկության կամ ճանապարհի զանգվածային արգելափակման դեպքում, ՆԳՆ լիազորված աշխատակիցը պետք է դիմի նրանց և զգուշացնի, որ եթե հետիոտների համար զանգվածաբար փակված տեղը կամ տրանսպորտի համար նախատեսված երթևեկելի մասը չբացվեն հաջորդ 15 րոպեի ընթացքում, ապա ակցիան/հավաքը/բողոքը/ցույցը կհամարվեն անօրինական և այդ դեպքում կհայտարարվի հավաք-ցույցի ժամկետից շուտ դադարեցման մասին և կձեռնարկվեն նաև միջազգային իրավունքի և օրենսդրության նորմերին համապատասխան միջոցներ:

Լրահոս

Օրացույց

Դեկտեմբերի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031