Լեզվաբան հայերենագետ Հրաչ Մարտիրոսյանը նախնական հպանցիկ ակնարկով անդրադարձել է Սևանա լճի անվանումների թիրախավորմանը՝ թշնամու կողմից։
Նա գրել է. «Երդվյալ թշնամին հայատյացության, կեղծարարության ու զավթողականության հերթական հրավառությունն է արձակել՝ այս անգամ թիրախավորելով Սևանա լիճը և վկայակոչելով 20-րդ դարի սկզբի ռուսական քարտեզները («Չկա Սևանա լիճ, կա Գյոյչա լիճ» և այլն)։ Ու անընդունելի են դրա լրջությունը մեղմացնող կամ դա զուտ ներքին լսարանին ուղղված խոսք համարող կամ Սևանա լճի մյուս անվանումների հպանցիկ հիշատակումով սահմանափակվող արձագանքները։
Բազմիցս ասել եմ (ու ինքս էլ արել եմ ինչքան կարողացել եմ)՝ նման բաներն անտեսելը կամ մեղմացնելը մերժելի ու վտանգավոր գիծ է։ Կառավարությունը և գիտնականները պետք է միջազգային հանրության ականջները մշտական գրոհի տակ պահեն՝ ամեն առիթով ու անառիթ դիվանագիտական ու ակադեմիական բոլոր խողովակներով ի ցույց դնելով թշնամու խոսքի սնանկությունն ու ագրեսիվ հայատյացությունը և տեղ հասցնելով պատմական ճշմարտությունը։
Սևանա լիճը բազմիցս վկայված է հայ հին մատենագրության մեջ տարբեր անուններով։
Ահա դրանցից մեկը՝ Պատմահոր վկայությամբ.
Բայց Սմբատ հանդերձ մանկամբն Արտաշիսիւ ելանէ առ ափն ծովուն Գեղամայ, զթիկամբքն Արագածն կոչեցեալ լերին. աճապարէին հասանել ի բանակն Երուանդայ:
Մովսէս Խորենացի 2.խզ (1913=1991. 170 տող 17-19):
. Ու այս ակնհայտագույն տվյալը կարելի է մտցնել միջազգային հանրության աչքը ոչ միայն ձեռագրային անուրանալի վկայություններով, այլև ո՛չ հայազգի գիտնականների այլալեզու թարգմանություններով ու ծանոթագրություններով` հին հրատարակություններից մինչև Thomson 2006. 182:
. Սևանա լճի հին հայկական անվանումներից մյուսը հստակորեն վկայված է օրինակ 7-րդ դարի «Աշխարհացոյց»-ում, որտեղ Սիւնիք աշխարհի համատեքստում կարդում ենք.
զԳեղարք/գունի՝ (զ)հոմանուն ծովովն։
. Սուքրեան 1881. 33 տող 7 [ֆրանս.` Soukry 1881. 44]; Յակոբեան 2013. 138):
. Ձեռագրի ֆաքսիմիլեն տե՛ս Hewsen 1994. 52 (էկրանապատկերը կկցեմ ցածում):
. Բայց ո՛չ միայն սրանք։ Հե՛նց Սեւան տեղանունն էլ բազմիցս վկայված է հայ հին մատենագրության մեջ և 20-րդ դարին նախորդած քարտեզներում։ Քարտեզների վկայությունները կթողնեմ քարտեզագետներին ու պատմական աշխարհագրության մասնագետներին (մանավանդ որ հիմա տնից ու իմ գրադարանից հեռու եմ)։ Ես այստեղ մի կողմ կթողնեմ նաև Սեւան տեղանվան ստուգաբանության և դրա՝ Սիւնիք-ի հետ կապ ունենալու խնդիրը (տես՛ Ալիշան 1893. 6a և Արմեն Պետրոսյանի 2009 ու մյուս աշխատանքները): Այստեղ միայն կթվարկեմ Սեւան կղզու անվան (որն իհարկե նույնական է լճի անվանը) հին մատենագրական վկայություններից մի քանիսը միայն։
Սեւան կղզին, որ ի ծովակին Գեղամայ:
Յովհաննէս Դրասխանակերտցի (9-10-րդ դարեր). Մարգարյան / Թոսունյան 1996. էջ 96։
բնակէր ի կղզւոջն Սեւան
Կիրակոս Գանձակեցի (13-րդ դար). Մելիք-Օհանջանյան 1961. էջ 81 տող 9, հմմտ. նաև 87 տող 11 և հաջ.:
Գեղամ Գեղարքունի է, ուր կայ ուխտն Մաքենիս, եւ Սեւան կղզին ի մէջ ծովուն։
Վարդան Վարդապետի «Աշխարհացոյց» (13-րդ դար). Պէրպէրեան 1960. էջ 12 տող 33-34:
Չմոռանանք նաև ձեռագիր հիշատակարանները.
ի Սևան կղզոջ Գեղա մեծ ծովակիս (9-րդ դար).
Մաթևոսյան ՀայՁեռՀիշատ Ե-ԺԲ, 1988. էջ 41:
յերկիրս Գեղամայ ի Սեվան կղզի (15-րդ դար):
Խաչիկյան ՀայՁեռՀիշատ ԺԵ/Բ, 1958. էջ 5 տող 3 և հաջ.:
Հիշեցնենք, երեկ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել էր. «Չկա Սևանա լիճ, կա Գյոյչա լիճ. ադրբեջանցիների վերադարձն իրենց պատմական հողեր՝ ներկայիս Հայաստան, չպետք է վախեցնի հայերին»։






































