Երեկ հանրային քննարկումներում, սոցիալական ցանցերում մի շեշտադրում իմ ուշադրությունը գրավեց: Այդ մասին Կառավարության՝ հունիսի 26-ի նիստին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով Քննչական կոմիտեի՝ հունիսի 25-ին կատարած գործողություններին, խուզարկություններին, որին հաջորդեցին ձերբակալություններ:
Փաշինյանը մանրամասնեց. «Օգտատերերի մի խումբ արձանագրում էր, որ Հայաստանում նոր Հոկտեմբերի 27 է կանխվել: Մի ուրիշ խումբ էլ հարց էր բարձրացնում, թե արդյոք 1999 թվականին Հայաստանի իրավապահ մարմինը կարո՞ղ էր կանխել Հոկտեմբերի 27-ի ահաբեկչությունը:
Կարծում եմ՝ սա մի հարց է, որի պատասխանը նույնպես ի վերջո պիտի փորձենք վստահելի ձևով ձևակերպել:
Ես հույս ունեմ, որ մեր իրավապահ համակարգն այս հարցի պատասխանը գտնելու ուղղությամբ նույնպես ջանքեր կգործադրի»:
Հիշեցնենք՝ քննիչի միջնորդության հիման վրա հսկող դատախազի կողմից որոշումներ են կայացվել 16 անձի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու վերաբերյալ, որոնք բավարարվել են։
Բացի այդ, ՀՅԴ–ից հայտնել են, որ առավոտյան ապօրինի խուզարկություններ են իրականացվում ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի անդամ Իգոր Սարգսյանի, ՀՅԴ Աբովյանի կոմիտեի անդամ Վարդան Ավագյանի, Հրազդանի կոմիտեի անդամ Արտաշես Հունանյանի և Նոյեմբերյանի կոմիտեի անդամ Վարազդատ Ամիրաղյանի բնակարաններում։
Խուզարկել են նաեւ «Վերածնվող Հայաստան» կուսակցության ղեկավար Վահե Հակոբյանի տունը։ Նրա կնոջը եւս ձերբակալել են։
Քննչական կոմիտե էլ հաղորդագրություն է տարածել, որի համաձայն՝ «Սրբազան պայքար»-ի մասնակիցները և ղեկավարները պլանավորել են ՀՀ-ում ահաբեկչական գործողություններ: Պլանավորմանը մասնակցել են մի շարք անձինք, ներգրավվել են նախկին ոստիկաններ ու զինվորականներ: ՔԿ–ն նաեւ մի շարք ձայնագրություններ է հրապարակել։
Իսկ նախօրեին վարչապետը ֆեյսբուքյան էջում տեղադրել էր Civic.am կայքի՝ «Ընդդիմության հեղաշրջման պլանը» վերնագրով հրապարակումը և գրել. «Այս պրոցեսը պատմության մեջ կմնա որպես «ստահակների ձախողված հեղաշրջում»: