ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը հունիսի 11-ին մասնակցել է Երեւանում մեկնարկած «Գտնելով կայունություն անկայուն աշխարհում» խորագիրը կրող ԱՊՐԻ ֆորում 2025-ին:
Եռօրյա համաժողովի նպատակն է միավորել քաղաքականություն մշակողներին, դիվանագետներին, բիզնեսի առաջնորդներին, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներին եւ քննարկել իրագործելի առաջարկներ՝ անկայուն աշխարհում Հայաստանի առջեւ ծառացած մարտահրավերներին դիմակայելու համար:
Ազգային ժողովի փոխնախագահ Հակոբ Արշակյանը, ողջունելով համաժողովի մասնակիցներին, պանելային քննարկման ընթացքում խոսել է Հայաստանի որդեգրած քաղաքականության, տեսլականի մասին, թե ինչպես տեխնոլոգիաների եւ նորարար գործընկերությունների միջոցով կայունություն գտնել անկայուն աշխարհում:
«Կարծում եմ՝ ներկայիս աշխարհաքաղաքական տեսանկյունից բազմաթիվ խնդիրներ են առաջանում տեխնոլոգիաների կտրուկ զարգացման պատճառով, որոնք փոխում են ոչ միայն մեր կյանքը, այլեւ պետությունների քաղաքականություններն ու կարողությունները: Հայաստանը բավականին երկար ժամանակ է տեխնոլոգիաները համարում է առաջնահերթ պետական բոլոր քաղաքականություններում: Մենք ստեղծել ենք Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն, ինչը չափազանց կարեւոր քաղաքական որոշում էր. նպատակն է եւս մեկ անգամ ընդգծել, որ մենք ցանկանում ենք լինել տեխնոլոգիական զարգացման գլոբալ արժեշղթայի մաս»,- ասել է Հակոբ Արշակյանը՝ հավելելով, որ Կառավարության կողմից ստեղծվել են բազմաթիվ նախաձեռնություններ, որոնց հիմնական նպատակն է ոչ միայն օգնել տեղական ընկերություններին, այլեւ բարենպաստ պայմաններ ստեղծել միջազգային կազմակերպությունների համար:
ԱԺ փոխնախագահի խոսքով հարյուրավոր ընկերություններ արհեստական բանականության, կենսաբժշկության, ծրագրավորման, միկրոէլեկտրոնիկայի ոլորտներում գիտահետազոտական կենտրոններ են տեղակայել Հայաստանում:
Խոսելով ներքին եւ արտաքին մարտահրավերների մասին՝ Հակոբ Արշակյանը կարեւորել է Հայաստանի սահմանների բացումը. «Սահմանների բացումը կստեղծի իրատեսական ընդգրկուն հնարավորություններ ոչ միայն տնտեսության համար: Տարածաշրջանում կհաստատվի եւ կամրապնդվի հարատեւ խաղաղություն: Բոլոր մասնակիցների շահերից է բխում տարածաշրջանում ունենալ խաղաղություն եւ կայունություն, եթե այնտեղով միլիարդավոր դոլարների ապրանքաշրջանառություն կա»:
ԱԺ նախագահի տեղակալն ընդգծել է կրթության կարեւորությունը: Նրա կարծիքով կրթական համակարգն է, որ պետք է մարդկանց սովորեցնի օգտվել արհեստական բանականությունից եւ ստեղծել ներուժ՝ փոխելու խաղի կանոնները, իսկ երկիրը դարձնել մրցունակ պետություն:
Հակոբ Արշակյանը կարեւորել է Սփյուռքի հետ համագործակցելու անհրաժեշտությունը, Սփյուռքի տեխնոլոգիական ներուժի առավել արդյունավետ օգտագործման հնարավորությունների եւ ուղիների բացահայտումն ու կիրառումը:
Որպես ՀՀ ԱԺ Հայաստան-Հնդկաստան բարեկամական խմբի ղեկավար՝ ԱԺ նախագահի տեղակալն անդրադարձել է նաեւ Հայաստան-Հնդկաստան համագործակցությանը: Նա նշել է, որ երկու երկրների միջեւ համագործակցությունը, ակտիվ քաղաքական երկխոսությունը զգալիորեն զարգացել են փոխայցելությունների եւ տարբեր համագործակցությունների միջոցով: Նա հույս է հայտնել, որ երկու երկրների ջանքերով կստեղծվեն համագործակցության նոր եզրեր՝ հնարավոր բոլոր ոլորտներում:
Հակոբ Արշակյանը խոսել է Կառավարության հեղինակած «Խաղաղության խաչմերուկ» նախագծի մասին՝ ընդգծելով, որ այն տարածաշրջանին կբերի ոչ միայն բարգավաճում եւ կայուն խաղաղություն, այլեւ` տնտեսական, լոգիստիկ իրատեսական փոխհամագործակցության ընդգրկուն հնարավորություններ:
Ամփոփելով՝ ԱԺ նախագահի տեղակալը դիմել է Սփյուռքի եւ Հայաստանի երիտասարդներին՝ հորդորելով ուսումնասիրել բարձր տեխնոլոգիաների ընձեռած հսկայական հնարավորությունները, սովորել եւ կիրարկել դրանք, ինչը կընձեռի մեծ հնարավորություններ:
Հակոբ Արշակյանը պատասխանել է համաժողովի մասնակիցների հարցերին՝ անդրադառնալով տեխնոլոգիաների եւ ներդրումների խթանմանը, էներգետիկ անվտանգության առաջխաղացմանը, քաղաքացիական հասարակության ներգրավվածության ուժեղացմանը: