Կիպրոսի Հանրապետությունում ձերբակալվել են երկու օտարերկրացիներ՝ Ադրբեջանի քաղաքացի և նրա ուղեկցուհին: Նրանք կասկածվում են լրտեսության և ահաբեկչության հետ կապված հանցագործությունների պլանավորման մեջ, հաղորդում է կիպրոսյան «Лента» լրատվամիջոցը:
Նիկոսիայի շրջանային դատարանը որոշում է կայացրել նրանց հինգօրյա կալանքի ենթարկել:
Քննիչների տվյալներով՝ զույգը լուսանկարել է Լիմասոլում, Լառնակայում և Պաֆոսում գտնվող իսրայելցիներին առնչվող գույքը: Հնարավոր հետախուզական գործունեության մասին տեղեկությունը ստացվել է դիվանագիտական աղբյուրներից: Ենթադրվում է, որ կասկածյալները կղզի են ժամանել երկու-երեք օր առաջ և հատուկ ծառայությունների հսկողության տակ գտնվելով տեղաշարժվել են տարբեր տարածքներով:
Գործը լուրջ է համարվում՝ հաշվի առնելով միջազգային, ներառյալ՝ Իրանի շուրջ լարված իրավիճակը: Իշխանությունները մի քանի վայրերում ուժեղացրել են անվտանգությունը:
Ձերբակալվածներից առգրավվել են բջջային հեռախոսներ և այլ էլեկտրոնային սարքեր՝ դատաբժշկական փորձաքննության համար: Հետաքննությունը պարզում է, թե ինչ է նկարահանվել, արդյոք նյութերը փոխանցվել են երրորդ կողմերին, ինչպես նաև կասկածյալների բնակության վայրերը և նրանց տեղաշարժը կղզում:
Նմանատիպ դեպքեր, որոնցում ներգրավված են Ադրբեջանի քաղաքացիներ, ավելի վաղ արդեն գրանցվել են Կիպրոսում:
Մեկ միջադեպ կապված էր 2025 թվականի հունիսին Ակրոտիրիում տեղակայված բրիտանական բազայի և Պաֆոսում տջեղակայված Անդրեաս Պապանդրեուի բազայի լուսանկարման հետ։ Մեկ այլ դեպքում, 2021 թվականին ձերբակալված անձն անցյալ տարվա նոյեմբերին դատապարտվել է 6,5 տարվա ազատազրկման՝ դավադրության մեղադրանքով, երբ ավելի լուրջ մեղադրանքները հանվել էին։
Հետաքննությունը շարունակվում է։






































