ԱՄՆ ներքին անվտանգության նախարար Քրիստի Նոեմը երկուշաբթի հայտնել է, որ Լոս Անջելեսում (Կալիֆոռնիայի նահանգ) ցուցարարների մեջ գործում են պրոֆեսիոնալ սադրիչներ, որոնց վճարում են։
Fox News հեռուստաալիքի եթերում նրան խնդրել են մեկնաբանել լրատվամիջոցների հաղորդագրությունները, որ ցուցարարներին աղյուսներ են մատակարարվում կազմակերպված ձեւով, որպեսզի նրանք կարողանան դրանք օգտագործել ոստիկանության հետ բախումների ժամանակ։
«Մարդկանց վճարում են դրա համար, դուք կարող եք տեսնել նրանց վարքագիծը։ Նրանք միմյանց ազդանշան են տալիս ցուցարարների բազմության մեջ՝ բռնություն հրահրելու համար։ Սա գործողություն է, եւ այն իրականացվում է պրոֆեսիոնալ մակարդակով։ Սա նախկինում էլ է պատահել, մենք դրան վերջ կդնենք եւ բոլորին պատասխանատվության կենթարկենք»,- ասել է նախարարը։
Նոեմը չի մանրամասնել, թե ով կարող է կանգնած լինել Լոս Անջելեսի անկարգությունների կազմակերպման եւ ֆինանսավորման հետեւում։
Ինչպես ավելի վաղ հաղորդել էին ամերիկյան լրատվամիջոցները, հունիսի 6-ին Լոս Անջելեսում սկսվել են անօրինական միգրանտների զանգվածային ձերբակալություններ. հունիսի 7-ի երեկոյան առնվազն 44 մարդ ձերբակալվել էր ներգաղթի օրենքները խախտելու մեղադրանքով: Իրավապահ մարմինների գործողություններին ի պատասխան՝ քաղաքում սկսվել են ցույցեր:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, շրջանցելով Կալիֆոռնիայի նահանգապետ Գեւին Նյուսոմին, հրամայել է Ազգային գվարդիա ուղարկել Լոս Անջելես՝ անկարգությունները ճնշելու համար: Այնուհետեւ Նյուսոմը դատական հայց է ներկայացրել Թրամփի եւ Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթի դեմ: Նահանգապետը խնդրել է Ազգային գվարդիայի մարտիկներին Լոս Անջելես ուղարկելու որոշումը ճանաչել անօրինական: