«3+3» ձևաչափով հաջորդ հանդիպումները կարող են անցկացվել Երևանում և Բաքվում։ Այս մասին Երևանում կայացած մամուլի ասուլիսին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։
Ռուսաստանցի նախարարը վերահաստատել է Մոսկվայի աջակցությունը Երևանին և Բաքվին՝ համաձայնագրի կնքման, հաղորդակցությունների ապաշրջափակման և սահմանի սահմանագծման ու սահմանազատման միջոցով լիարժեք խաղաղության հասնելու ճանապարհին։ Ըստ նրա, գործընթացների հիմքում պետք է լինի 2020-22 թթ. բարձր մակարդակով ձեռք բերված եռակողմ պայմանավորվածությունների համալիրը։
Լավրովը նաև հայտնել է, որ զգալի ներուժ է տեսնում «3+3» ձևաչափի զարգացման մեջ։ Արդեն կայացել են նախարարական 2 հանդիպում Թեհրանում և Ստամբուլում։ Առաջին երկուսի արդյունքներով որոշակի լավատեսություն կա հարթակի ապագայի վերաբերյալ, որն ունի բոլոր նախադրյալները՝ դառնալու տարածաշրջանում խաղաղության և կայունության ամրապնդման, տնտեսական, տրանսպորտային կապերի և հարուստ մշակութային ավանդույթների հենարան։
Հաջորդ հանդիպումները ցանկանում են հյուրընկալել Հայաստանը և Ադրբեջանը։ «Նրանք կարող են պայմանավորվել միմյանց հետ, որպեսզի հաջորդ երկու միջոցառումները տեղի ունենան Հայաստանի և Ադրբեջանի մայրաքաղաքներում», — նշել է Լավրովը։