Թալանվածը հետ բերելու համար նախ պետք է հասկանալ թալանվվածի տեղը և թալանի մեխանիզմը, որն առաջին հերթին ստվերային տնտեսությունն է, արհեստական մենաշնորհները, հարկերից խուսափելը։ Այս մասին այսօր՝ ապրիլի 15-ին, ԱԺ-ում կառավարության գործունեության 2024-ի կատարողականի հարցը քննարկման ժամանակ իր ելույթում նշեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Այս երևույթների դեմ պայքարում է ձևավորվել լրացուցիչ, հեղափոխության բերած 4.2 միլիարդ դոլար բյուջետային եկամուտը։ Պետք է խոստովանեմ, որ թալանվածը ետ բերելու, հանցագործներին պատժելու հեղափոխական օրակարգը մոռացության մատնելը մեր հասցեին ամենահաճախ հնչող մեղադրանքն ու քննադատությունն է, բայց ուզում եմ միանգամից ասել, որ կտրականապես մերժում եմ այդ քննադատությունը հետևյալ պատճառաբանությամբ: 2018-ի ժողովրդական ոչ բռնի թավշյա հեղափոխությունը, այո, տվել է թալանվածը հետ բերելու, հանցագործներին պատժելու խոստում:
Բայց հեղափոխությունը և անձամբ ես խոստացել ենք նաև, որ հեղափոխության հաղթանակից հետո Հայաստանում վենդետաներ չեն լինելու, որ Հայաստանը լինելու է օրենքի և իրավունքի գերակայության երկիր։ Ուրեմն, ինչպե՞ս էինք համատեղելու, այդ թվում է իրար հակասող օրակարգերը։ Իրականում օրակարգերը իրար չեն հակասում, և մենք հենց այդ օրակարգերի իրացմամբ ենք զբաղված եղել և շարունակում ենք դրանով զբաղվել, այն է բացառել վենդետաները, վերադարձնել թալանվածը, պատժել հանցագործներին և Հայաստանը չդարձնել բեսպրեդելի սև խորշ աշխարհի քարտեզի վրա, այլ ընդհակառակը օրենքի գերակայությունը դարձնել անշրջելի և ինստիտուցիոնալ»,- հայտարարեց Փաշինյանը:
Նրա խոսքով, սա հարցի իրավաքաղաքական և բարոյական կողմն է, բայց կա նաև գործնական կողմը. «Խնդիրն այն է, որ ինչպես ասել եմ բազմիցս, թալանվածը պահեստավորված չէ մի կոնկրետ հասցե որ գնաս, բարձրես բեռնատարները և վերադարձնես։ Թալանվածը տեղաբաշխված է տարբեր տեղերում, տարբեր ձևերով։ Երբեմն դա Հայաստանում է, երբեմն արտերկրում, երբեմն մեզ հայտնի անձանց անունով է, երբեմն մեզ լրիվ անծանոթ, դրածո անձանց անունով:
Երբեմն անշարժ գույք է, երբեմն գումար, երբեմն արվեստի գործ, երբեմն բաժնետոմս, երբեմն գողացված է անհատից, երբեմն կառավարությունից, երբեմն համայնքից, երբեմն իրավաբանական անձից։ Երբեմն օտարված է երրորդ անձի, որը բարեխիղճ ձեռք բերող է և կապ չունի թալանի և կոռուպցիոն սխեմաների հետ, շուկայում տեսել է իրեն հետաքրքրող ապրանք և օրինական կերպով պարզապես գնել։
Ի՞նչ ենք մենք արել, ուրեմն։ 2019-ից սկսել ենք թալանի գորդյան հանգույցը արձակելուն ուղղված համակարգ ձևավորել։ Այս գործը արել ենք հետևողական ու սկզբունքորեն։ Այդ գործը հետևողականորեն շարունակել ենք Քովիդի համավարակի, պատերազմի, հետպատերազմյան ճգնաժամի, տարածաշրջանային էսկալացիաների, համակարգային թալանի դիրքերից հանդես եկող քաղաքական ուժերի դիմադրության, աշխարհակարգի փլուզման, Հայաստանի ժողովրդավարական իմիջը միջազգայնորեն պահպանելու կենսական անհրաժեշտության պայմաններում, զուգահեռ տնտեսությունը աճեցնելով աննախադեպ չափերով՝ 43.5%-ով։
Ուշադրություն դարձրեք, 2018-2024 թվականներին Հայաստանի տնտեսությունը աճել է 43.5%-ով՝ ապահովելով մեր երկրի կայունությունն ու անկախությունը, մեծացնելով մեր երկրի ինքնիշխանությունն ու ինքնուրույնությունը, ապահովելով և երաշխավորելով երկրի ինքնիշխանության ամենանվազագույն ատրիբուտներ:
Օրինակ, որ Հայաստան մուտք գործող և Հայաստանից դուրս եկող քաղաքացիները անձնագրային հսկողություն անցնեն միայն ու միայն ՀՀ սահմանապահ զորքերի զինծառայողների կողմից։ Ճոխություն, որ մեր պետությունը 33 տարիների անկախության շրջանում իրեն այդպես էլ չէր կարողանում թույլ տալ»,- հայտարարեց Փաշինյանը: