Ռուսաստանն գրավիչ գնով բարձրորակ էներգակիրներ է առաջարկում, սակայն Հնդկաստանն ու Չինաստանը պետք է ինքնուրույն որոշեն՝ դրանք ՌԴ-ից գնել, թե ոչ։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք Մոսկվան քննարկե՞լ է նշված երկրների ղեկավարության հետ Վաշինգտոնի այն փորձերը, որոնք ուղղված են նրանց՝ ռուսական նավթի և գազի գնումներից հրաժարվելուն։
«Բնականաբար, մենք առևտրային հարաբերություններ ունենք բազմաթիվ երկրների հետ, այդ թվում՝ թվարկվածների։ Մենք առաջարկում ենք մեր ապրանքը։ Այս ապրանքը ռազմավարական նշանակություն ունի բազմաթիվ երկրների համար։ Այն մրցունակ է, գրավիչ։ Իսկ այնուհետև արդեն երկրներն իրենք պետք է որոշեն, թե որքանով է այն գրավիչ և որքանով կարող են այլ առաջարկվող այլընտրանքները մրցել մեր ապրանքի հետ», — ասել է Կրեմլի ներկայացուցիչը։
Նա չի ցանկացել բացահայտել նման քննարկումների որևէ մանրամասն։ «Այն նախագծերի կառավարման շրջանակում, որոնք իրականացվում են այս առևտրատնտեսական համագործակցության համատեքստում, իհարկե, մենք քննարկում ենք ամենատարբեր հարցերը։ Որևէ կոնկրետ բան այստեղ հազիվ թե տեղին կամ հնարավոր լինի», — ասել է Պեսկովը։





































