Նախօրեին Սյունիքի մարզում քաղաքացու վիրավորում ստանալու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ անզգուշությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելու և հրազենի, դրա հիմնական բաղկացուցիչ մասերի, ռազմամթերքի և այլ նյութերի, սարքերի, առարկաների ապօրինի շրջանառության հատկանիշներով: Այս մասին հայտնում են քննչական կոմիտեից:
Ավելի վաղ Սյունիքի մարզում հոկտեմբերի 27-ին արտառոց դեպք է տեղի ունեցել. հրազենային վիրավորումով քաղաքացի է տեղափոխվել հիվանդանոց։
Այս առնչությամբ, ՆԳՆ–ից հայտնել էին. «Ահազանգ կա ՆԳՆ ոստիկանություն, որ ըստ նախնական տվյալների՝ Սյունիքի մարզում որսորդներից մեկը վնասվածք է ստացել: Հանգամանքները պարզվում են»։
Նշենք, որ վիրավորում ստացած անձը Գորայք համայնքի բնակիչ 31–ամյա Արա Առուստամյանն է։
Գոյարքի գյուղապետը զրույցում նշեց, որ այնպիսի հանգամանքներում է վնասվածք ստացել, որ չի կարող բացահայտել։ Քաղաքացին վիրավորումը ստացել է ոտքի շրջանում, իսկ դեպքից մի քանի ժամ անց նրան տեղափոխել են Սիսիան բժշկական կենտրոն, որտեղից էլ՝ Երևան՝ «Էրեբունի» ԲԿ։




































