Հայոց ցեղասպանության հուշահամալիրում և թանգարան-ինստիտուտում իրականացվող հիմնանորոգման և բարեկարգման աշխատանքները շարունակվում են բնականոն հունով։ Աշխատանքների առաջընթացին և կատարման որակին ծանոթանալու նպատակով ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր հերթական այցն է կատարել հուշահամալիրի տարածք։ Այս մասին NEWS.am–ին տեղեկացնում են ԿԳՄՍՆ-ից:
Նրան ուղեկցել է ԿԳՄՍՆ գլխավոր քարտուղար Հասմիկ Հակոբյանը:
Կապալառու կազմակերպության պատասխանատուները նախարարին են ներկայացրել կատարված աշխատանքների ընթացքը՝ մանրամասնելով, որ թանգարանի և վարչական մասնաշենքի տանիքների ջրահեռացման համակարգերի վերանորոգման և ամրակայման աշխատանքները մոտենում են ավարտին, ինչի արդյունքում կլուծվի անձրևաջրերի ներհոսքի խնդիրը: Զուգահեռ` ըստ նախատեսված գրաֆիկի, ընթանում են հուշահամալիրի հարակից տարածքի կանաչապատման և բարեկարգման աշխատանքները։
Ներկայացվել են նաև «Հայոց ցեղասպանության» հուշարձանի մույթերի վերականգնման ուղղությամբ կատարված աշխատանքները:
Ժաննա Անդրեասյանը կարևորել է մասնագետների հետևողական և պատասխանատու աշխատանքը՝ ընդգծելով, որ անհրաժեշտ է խստորեն պահպանել որակի բարձր չափանիշներն ու աշխատանքների կատարման ժամկետները։





































