3–ամյա Տիգրանի որոնողական աշխատանքները այս պահին շարունակվում են, ներգրավված են ոստիկանական և փրկարարական մեծաթիվ ուժեր։ Այս մասին զրույցում նշեց ՆԳՆ խոսնակ Նարեկ Սարգսյանը։
«Որոնողական աշխատանքներում ներգրավված են կինոլոգիական խմբեր, նաև բնակիչներ»,–ասաց նա։
Ծափաթաղի վարչական ղեկավար Դավիթ Գզողյանն էլ հայտնել է, որ երեխան կորել է տան մոտակայքից։
Ավելի վաղ երեկ՝ հոկտեմբերի 27–ին, ժամը 18.00-ի սահմաններում, ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն հաղորդում է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Ծափաթաղ գյուղի բնակիչ 2022 թվականին ծնված Տիգրան Օվանեսովը ժամը 16:30-ի սահմաններում կորել է։
Երեկ Ծափաթաղ էին ժամանել ՓԾ տնօրենի տեղակալներ Տիգրան Պետրոսյանը, Արսեն Մկրտչյանը և 20-ից ավել հատուկ փրկարարական ջոկատի փրկարարները՝ ջոկատի հրամանատար Սարգիս Բիձյանի գլխավորությամբ։
Որոնողական աշխատանքներին մասնակցում են նաև Շողակաթ, Արտանիշ, Ջիլ գյուղերի բնակիչներ, կամավորականներ այդ թվում Երևանից։
Հիշեցնենք, որ որոնվող երեխան 3-ամյա Տիգրան Օ.-ն է։





































