Մենք ամեն Նոր տարուց հետո միլիարդավոր դրամների ապրանքներ ենք լցնում աղբանոցը, հիմա մենք բոլորս մի ընտանիքի անդամներ ենք. Փաշինյանը՝ Բյուջեի արդյունավետ ծախսերի մասին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ազգային ժողովում բյուջեի նախագծի քննարկման ընթացքում անդրադարձել է արդյունավետ ծախսերի թեմային՝ շեշտելով, որ պետական բյուջեն պետք է ընկալել որպես հասարակության ընդհանուր ընտանեկան բյուջե։

«Ասում եմ՝ եկեք նայենք մեր բանը․ ծնունդ ենք կազմակերպում, հարսանիք, Նոր տարի։ Ասում ենք՝ եկեք գնանք կամ գնում ենք ինչ-որ տեղ։ Քաղաքացիների հետ շփվելիս էլ հարցնում եմ՝ լինո՞ւմ է, որ գնում եք առևտուր, ինչ-որ ապրանք եք բերում տուն, ընտանիքի անդամներն ասում են՝ այս թթվասերը ժամկետանց է, այս միսը հոտ ունի, այս ձմերուկը փչացած էր, այս սալորը որդնած էր։ Բոլորն էլ ասում են՝ այո, լինում է։ Ես էլ ասում եմ՝ բա ինչու ես անարդյունավետ ծախսում ընտանեկան բյուջեն՝ կոռուպցիոներ ես։

Մենք բոլորս էլ ունենք նման իրավիճակներ։ Սպառողական մշակույթն ուրիշ բան է, բայց էդ փողը ծախսելն էլ հմտություն է։ Դրա համար էլ ասում եմ՝ փող ծախսելն ինքնին կառավարելու ունակություն է։ Մենք ամեն Նոր տարուց հետո միլիարդավոր դրամների ապրանքներ ենք լցնում աղբանոցը։ Սա ցույց է տալիս, որ մենք անարդյունավետ ենք տնօրինում մեր սեփական ֆինանսները։ Հիմա մենք բոլորս մի ընտանիքի անդամներ ենք։

Չենք կարող այնպես անել, որ մեր տանը գումարն անարդյունավետ ծախսենք, իսկ հաջորդ օրը գնանք կառավարություն և սկսենք աշխատել 180 աստիճան հակառակ տրամաբանությամբ՝ որպես սուպեր արդյունավետ կառավարիչներ։ Այս երկու երևույթները փոխկապակցված են։ Սա նաև կրթական հարց է։ Լավագույն հարթակը այդ խնդիրների մասին խոսելու հենց պետական բյուջեի նախագծի քննարկումներն են, որովհետև բյուջեն՝ իր ծախսային և եկամտային մասերով, արտահայտում է մեր բոլոր առավելություններն ու թերությունները՝ ոչ միայն կառավարության, այլև ամբողջ հասարակության։ Բոլոր արդյունավետ և անարդյունավետ կողմերը, բոլոր հանրային խնդիրները հենց պետական բյուջեում են արտացոլվում։ Մենք պատուհանից նայում ենք այն ամենին, ինչ տեսնում ենք և ինչ չենք տեսնում։ Այն, ինչ տեսնում ենք, պետական բյուջեն այնտեղ ինչ-որ բան արել է։ Այն, ինչ չենք տեսնում, նշանակում է՝ պետական բյուջեն այնտեղ ինչ-որ բան չի արել։ Իսկ եթե չի արել, նշանակում է՝ մենք տասնամյակներով մեր թթվասերը գնելիս ՀԴՄ չենք վերցրել։ Եթե մենք հաշվենք, թե յուրաքանչյուրս մեր կյանքում չվերցրած ՀԴՄ-ների արդյունքում որքան եկամուտ է շրջանցել Հայաստանի Հանրապետության բյուջեն, կտեսնենք, որ խոսքը ոչ թե միլիոնների, ոչ թե միլիարդների, այլ տրիլիոնների մասին է։ Այդ տրիլիոնների մի մասը անվերադարձ կորել է, բայց ինչ-որ մասը հնարավոր կլինի վերադարձնել ապօրինի գույքի բռնագանձման կամ այլ մեխանիզմներով։ Բայց մեր հիմնական խնդիրը հետևյալն է՝ այլևս այդ տրիլիոնները չկորցնել։ Մենք պետք է կենտրոնացած մնանք այն գաղափարի վրա, որ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեն մեր յուրաքանչյուրի և մեր համընդհանուր ընտանեկան բյուջեն է»,-նշել է Փաշինյանը:

Լրահոս

Օրացույց

Հոկտեմբերի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031