ԱԺ-ում լսումներ կանցկացվեն ԵՄ-ին անդամակցելու հայտ ներկայացնելու հարցով հանրաքվե անցկացնելու թեմայով

Ազգային ժողովը հունիսի 21-ին խորհրդարանական լսումներ կհրավիրի ԵՄ-ին Հայաստանի անդամակցության հայտ ներկայացնելու հարցով հանրաքվե անցկացնելու թեմայով։ Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովում խորհրդարանական լսումներ հրավիրելու առաջարկով հանդես են եկել «Հանուն Հանրապետության» կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանը և «Ազատ քաղաքացի» հասարակական կազմակերպության նախագահ Հովսեփ Խուրշուդյանը` չորս արտախորհրդարանական ուժերի անունից (Հայաստանի Եվրոպական, Հանրապետություն, Հանուն Հանրապետության, Քրիստոնեա-ժողովրդավարական կուսակցություններ):

«Եվրամիությանը Հայաստանի անդամակցությունը դիտարկում ենք ոչ միայն քաղաքակրթական կողմնորոշման և աշխարհաքաղաքական միավորմանը միանալու, այլ նաև երկրի անվտանգության և տնտեսության տեսանկյունից։ Տեսնում ենք, որ անվտանգության տեսակետից Հայաստանը ավելի սերտ կապերի մեջ է մտնում հենց Եվրամիության անդամ երկրների հետ, ինչպես նաև գլոբալ Արևմուտքի հետ, որի գլոբալ նախամուտքը մեզ համար հենց Եվրամիությունն է։

Տնտեսական առումով էլ Եվրամիությունը մեծ շուկա է՝ 500 միլիոնից ավել սպառողներով, և այդ շուկայի մեջ ավելի մեծ դեր և դիրք ունենալը բերելու է նաև մեր տնտեսության որակական աճին ու մեր արտադրանքի որակի բարելավմանը»,-ասաց Խուրշուդյանը՝ հավելելով, որ իշխանության համար էլ կարևոր կլինի լսել ժողովրդի ձայնը։

Արման Բաբաջանյանն էլ իր հերթին նշեց, որ հանրաքվեն Հայաստանի դիմակայունության և դիմադրողականության բարձրացման նպատակ է հետապնդում։

«Այս հանրաքվեն չի նշանակելու, որ հաջորդ օրն իսկ Եվրամիության անդամակցելու հայտ ենք ներկայացնելու։ Կարծում եմ, որ սա մեր քաղաքական միջավայրին որակ և բովանդակություն կհաղորդի, և բոլորովին այլ քննարկումների և բանավեճերի դաշտ կունենանք քաղաքական ուժերի միջև»,-ընդգծեց Բաբաջանյանը։

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սոնա Ղազարյանը կարևոր համարեց այն, որպեսզի ԱԺ-ում կայանալիք խորհրդարանական լսումների ժամանակ գնահատվեն Եվրամիության անդամակցության հայտ ներկայացնելու մարտահրավերները։

«Ցավոք, վերջերս նկատել եմ, որ Եվրամիության անդամակցությունը դիտարկվում է որպես բացառապես մեր իշխանությունների քայլ կամ նախաձեռնություն, բայց եկեք անկեղծ լինենք այս խոսակցության մեջ և ասենք, որ Եվրամիությունը միատարր չէ, և մասնակիցներն ավելին են, քան Հայաստանն ու ԵՄ-ն։ Եվ դրա վկայությունն է վերջերս Հունգարիայի կողմից խաղաղության գործիքակազմի նկատմամբ բացասական վերաբերմունքը։ Նաև մենք մինչ օրս ակնկալում ենք վիզաների ազատականացման երկխոսության մեկնարկը, որը մեզ հայտնի պատճառներով մինչ օրս տեղի չէր ունենում։ Այս առումով բաց խոսակցություն պետք է ունենանք այս կոնտեքստում»,- նշեց Ղազարյանը։

Պատգամավորի համար նաև կարևոր է հարևանների հնարավոր դիրքորոշումները և ռիսկերը՝ ԵՄ անդամակցության հայտ ներկայացնելու կոնտեքստում։

Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովը կողմ քվեարկեց ԵՄ-ին Հայաստանի անդամակցության հայտ ներկայացնելու շուրջ հանրաքվե անցկացնելու թեմայով խորհրդարանական լսումներ անցկացնելու առաջարկին։

Լրահոս

Օրացույց

Սեպտեմբերի 2024
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30