Եթե Ադրբեջանը կառուցողական մոտեցում ցուցաբերի, խաղաղության պայմանագրի ստորագրումը հնարավոր եմ համարում հենց վաղը. Ռուբինյան

Հայաստանի իշխանությունը շարունակելու է աշխատել Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի ստորագրման, խաղաղության օրակարգի ուղղությամբ, բայց դա նաև կախված է մյուս կողմից:

Այս մասին ասաց Ազգային ժողովի փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը լրագրողների հետ զրույցում:

Անդրադառնալով Հայաստանի համար սկզբունքային երկու հարցերին՝ նա վստահեցրեց, որ դրանց վերաբերյալ հայկական կողմից դիրքորոշումները չեն փոխվել:

Տարածաշրջանային ենթակառուցվածքների ապաշրջափակման հարցում հայկական կողմի դիրքորոշումը հետևյալն է՝ ցանկանում է, որ ենթակառուցվածքները ապաշրջափակվեն կողմերի ինքնիշխանության, իրավազորության ներքո, հավասարության ու փոխադարձության սկզբունքների համաձայն:

Իսկ տարածքային ամբողջականության ճանաչման վերաբերյալ հայկական և ադրբեջանական կողմերը, Ռուբինյանի հավաստիացմամբ, ունեն համաձայնություն, որը ֆիքսվել է 2022-ին Պրահայում, այնուհետև Սոչիում, Բրյուսելում, վերջերս փոխվարչապետերի գլխավորմամբ սահմանազատման հանձնաժողովների նիստերի ընթացքում: «Եթե այս բոլոր համաձայնություններն արտահայտվեն խաղաղության պայմանագրում, ապա խաղաղության պայմանագիրը կարելի է շատ արագ ստորագրել»,-ասաց Ռուբինյանը:

Նա վստահեցրեց, որ իշխանությունն անում է ամեն ինչ, որ հնարավոր դառնա խաղաղության պայմանագրի ստորագրումը, շարունակելու է այդ ուղղությամբ աշխատել: Հայկական կողմը շարունակում է հավատարիմ մնալ խաղաղության օրակարգին, բայց դա նաև կախված է մյուս կողմից:

«Մենք համարում ենք, որ մոտ ենք խաղաղության պայմանագրի տեքստը վեջնականացնելուն: Եվ մենք մեր կողմից պատրաստ ենք շատ արագ ամբողջականացնել այն և ստորագրել: Բնականաբար այն փաստը, որ այսօր չենք ստորագրում, նշանակում է, որ ամբողջությամբ ամբողջականացված չէ: Եթե հնարավոր եղած լիներ 100 տոկոսով ամեն ինչի շուրջ համաձայնության գալ, արդեն ստորագրած կլինեինք»,–ասաց նա:

Պատասխանելով հնարավոր ժամկետների վերաբերյալ հարցին՝ ԱԺ փոխնախագահն ընդգծեց. «Եթե ադրբեջանական կողմից լինի կառուցողական մոտեցում, ես խաղաղության պայմանագրի ստորագրումը հնարավոր եմ համարում հենց վաղը»:

Իսկ ինչ վերաբերում է ՀՀ սահմանադրությանն ու դրա հնարավոր փոփոխությանը, Ռուբինյանը վստահեցրեց, որ դա Հայաստանի ներքին գործն է և չի կարող լինել բանակցային օրակարգ:

Լրահոս

Օրացույց

Հուլիսի 2024
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031