Ընթանում է «Հայաստանը՝ որպես քաղաքակրթական խաչմերուկ» միջազգային գիտաժողովը. (տեսանյութ)

ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայում անցկացվում է «Հայաստանը՝ որպես քաղաքակրթական խաչմերուկ. պատմամշակութային առնչություններ» թեմայով եռօրյա միջազգային գիտաժողովը։

Նպատակն է քննարկել Հայոց պետականության ունեցած դերը տարածաշրջանում, Հայաստանի առնչությունները հարևան պետությունների և ժողովուրդների հետ։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Գիտաժողովի բացման արարողության ժամանակ ընթերցվեց ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի ուղերձն՝ ուղղված գիտաժողովի մասնակիցներին։

«Նմանօրինակ միջոցառումները ներկայումս առավել քան արդիական են, քանի որ Հայկական լեռնաշխարհը և Հարավային Կովկասը պատմականորեն եղել են համաշխարհային քաղաքակրթությունների հարաբերման և մշակութային համակցման յուրօրինակ խաչմերուկ և միջավայր ու հիմա էլ շարունակում են այդպիսին մնալ: Հայաստանն այսօր գտնվում է բարդ, պատմական ժամանակաշրջանում և ոչ պակաս բարդ իրադարձությունների կիզակետում: Այս տեսանկյունից նման համաժողովները լավագույն հնարավորություններից են՝ նոր ելքեր ու հայեցակարգեր գտնելու համար, քանի որ ես համոզված եմ՝ գիտությունը կարող է լինել ցանկացած խնդրի, խոչընդոտի և հակամարտության հաղթահարման, ինչպես նաև զարգացման նոր հեռանկարների բացահայտման, քաղաքակրթական համերաշխության ապահովման երաշխավորված բանալին»,-նշել է ՀՀ նախագահը։

Նա վստահություն է հայտնել, որ գիտաժողովը լիարժեքորեն ծառայելու է մեր և տարածաշրջանի երկրների պատմության, մշակութային ու քաղաքակրթական ժառանգության խրթին էջերի գիտական հետազոտության ու ուսումնասիրության միջոցով մեր ներկայի, առօրյայի, աշխարհաքաղաքական իրողություններն առավել սթափ ընկալելու և գնահատելու կարևոր գործին:

«Լիահույս եմ նաև, որ գիտաժողովի ընթացքում կլինեն ծրագրային և բովանդակային զեկուցումներ, որոնք առնվազն հնարավորություն կտան առավել բազմակողմանի դիտարկել մեր պատմության և մշակույթի աղերսներն ինչպես մեր հարևանների, այնպես էլ համաշխարհային քաղաքակրթական արժեքների հետ»,-եզրափակել է իր ուղերձը ՀՀ նախագահը:

ՀՀ վարչապետի օգնական Հակոբ Աբրահամյանն իր խոսքում նշեց, որ այսօր տարբեր մակարդակներում ամենից շատ խոսվում է աշխարհաքաղաքական թեմաներից և մենք ոչ միայն ականատեսն ենք գլոբալ լրջագույն փոփոխությունների, այլև շատ հարցերում զգում ենք դրանց ուղիղ ազդեցությունը։

«Պատմության մեջ մեծ փոփոխությունները մշտապես ստեղծել են ինչպես մեծ ռիսկեր, այնպես էլ մեծ հնարավորություններ, հետևաբար ընթացող փոխակերպումները խորքային կերպով իմաստավորման և վերլուծությունների կարիք ունեն։ Ողջունելի է, որ հենց աշխարհաքաղաքական բաղադրիչն է այս գիտաժողովի առանցքային ուղղություններից մեկը։ Սա պետք է կարևոր ուղերձ լինի, որ, չնայած մեզ բաժին հասած մեծ արհավիրքներին, մենք չենք վհատվում, այլ վճռականորեն պատրաստ ենք լուծելու մեր առջև ծառացած լրջագույն մարտահրավերները։ Աշխարհաքաղաքական վերափոխումներով ստեղծված հնարավորությունները, մեր աշխարհագրական դիրքը՝ չնայած բոլոր սահմանափակումներին, մեր պատմական ու քաղաքակրթական հետքն ու ժառանգությունը թույլ են տալիս գրագետ և համակարգային մոտեցման պարագայում շահեկանորեն դիրքավորել Հայաստանը՝ որպես քաղաքակրթական, առևտրատնտեսական, լոգիստիկ և էներգետիկ հանգույց Արևելքի, Արևմուտքի, Հյուսիսի և Հարավի միջև՝ վերածելով Հայաստանը տարածաշրջանային կարևոր խաղացողի, ամրապնդելով մեր սուբյեկտայնությունը և տարբեր շահերը հմուտ հավասարակշռելու պարագայում՝ ապահովելու մեր պետության սահուն ու բարգավաճ ընթացքը»,-ասաց Աբրահամյանը։

Նրա խոսքով ՝ աշխարհաքաղաքական դիրքավորումից անդին մենք լրջագույն և բարդագույն անելիքներ ունենք նաև Հայաստանի քաղաքակրթական դերը և դիրքավորումը վերագտնելու, ամրապնդելու և զարգացնելու ուղղությամբ։

«Մենք կարիք ունենք ավելի լավ ճանաչել ինքներս մեզ և մեզ շրջապատող աշխարհն իր բոլոր դրական ու բացասական կողմերով, ճանաչելու, արժևորելու և փայփայելու մեր մշակութային ժառանգությունը, այդ կուտակած հարստության հիմքի վրա զարգացնելու և հանրահռչակելու մեր մշակույթը, որպես ազգ՝ նորից քաղաքակրթական արժեքներ արարելու՝ ամրագրելով Հայաստանի տեղը համաշխարհային քաղաքակրթական քարտեզի վրա։ Գաղտնիք չէ, որ մեր մշակույթին և պատմությանը բավարար կերպով հաղորդակցված և դրանք իմաստավորած չլինելու արդյունքում է նաև, որ մեր հաշվին, մեր մշակույթի ու թողած ժառանգության հաշվին այլոք կառուցում ու զարգացնում են իրենց սեփական ինքնությունը, կեղծելով մեր պատմությունն ու հետքերը՝ փորձում են կերտել իրենց սեփական պատմությունը։ Սա պետք է դիտարկել տարբեր ուղղություններով մեր դեմ տարվող հիբրիդային պատերազմի խորապատկերին»,-նշեց Աբրահամյանը։

Վարչապետի օգնականի դիտարկմամբ՝ մեր դեմ տարվող ապատեղեկատվական, ինչպես նաև պատմության ու մշակույթի զեղծարարության արշավները կլինեն արդյունավետ այնքան ժամանակ, քանի դեռ մենք ինքներս ներսից չենք բարձրացրել մեր դիմակայունության մակարդակը, իսկ դա, Աբրահամյանի հավաստմամբ, հեշտ գործ չէ։

«Մեր գերնպատակներին հասնելը խորքային ու համակարգային վերափոխումներ է ենթադրում։ Համակարգելով մեր երկրի հիմնական, ռազմավարական օրակարգ հանդիսացող ՀՀ վերափոխման ռազմավարության շուրջ տարվող աշխատանքները՝ ամեն օր առնչվում եմ այս խնդիրների ու դրանց լուծման բարդությունների հետ և կարող եմ ասել, որ կան հարցեր, որոնք պետք է բացառեն մեր մեջ որևէ բաժանարար գծերի առկայությունը։ Մենք պետք է լինենք միահամուռ և օգտագործենք մեր ողջ ներուժը։ Տարբեր մակարդակներում համահայկական համախմբվածության, մտքի ու ներուժի լրջագույն մոբիլիզացիայի կարիք կա՝ հասկանալու համար, թե ինչ Հայաստան ենք ուզում կերտել, ինչ ուղղությամբ շարժվել և ինչ խնդիրներ լուծել։ Որքան բարդ են ժամանակները, այնքան ավելի մեծ է համախմբվածության անհրաժեշտությունը»,- ասաց Աբրահամյանը։

Նրա կարծիքով՝ մենք պետք է ստեղծենք բոլոր կարևոր հարցերում գիտական ներուժի ինստիտուցիոնալ ներգրավման արդյունավետ կառուցակարգեր ու սովորենք այն ճիշտ օգտագործել։ Աբրահամյանի համոզմամբ՝ լրջագույն ուժ է ներկայացում նաև հայկական սփյուռքն ընդգրկուն կոնսոլիդացիայի համատեքստում, ուստի ՀՀ-ն պետք է համահայկականության առանցքի ձևավորման իր կարևոր առաքելությունն ունենա։

ՀՀ վարչապետի աշխատակազմի «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Գոռ Ծառուկյանն էլ իր խոսքում նշեց, որ հարյուրամյակներ շարունակ Հայաստանը մշակութային, տնտեսական, քաղաքական սերտ հարաբերություններ է ունեցել թե՛ տարածաշրջանի, թե՛ համաշխարհային պետությունների ու ժողովուրդների հետ։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։

Լրահոս

Օրացույց

Ապրիլի 2024
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930