Առողջապահությունը պետք է անվճար լինի, գյուղնախարարությունն էլ պետք է առանձին լինի. Ծառուկյան (վիդեո)

Նոր Խարբերդ, Արևաբույր, Նորամարգ և Ռանչպար գյուղերում հանդիպումները իսկապես սպասված էին։ Այս մասին Facebook–ի իր էջում գրել է Գագիկ Ծառուկյանը, ով նաև տեսանյութ է տարածել։

«Ջերմ ընդունելություն, անկեղծ խոսակցություն և իրական խնդիրների բարձրաձայնում։

Մարդիկ խոսում էին իրենց առօրյա դժվարությունների, առաջարկների և սպասելիքների մասին։

Լսեցինք իրար, քննարկեցինք և փորձեցինք միասին հասկանալ՝ ինչն է հնարավոր փոխել և ինչպես։

Ինձ համար նման հանդիպումները ամենակարևորն են․ այստեղ տեսնում եմ իրական պատկերը, լսում մարդկանց ձայնը և փորձում առաջարկել գործնական լուծումներ, ոչ թե պարզապես խոսքեր։

Վստահ եմ՝ չլուծվող խնդիրներ չկան, եթե կա կամք, ճիշտ մոտեցում և միասնականություն։

Այս օրերին մեր հայրենակիցներից հաճախ եմ լսում ժողովրդական հայտնի խոսքը, որի հետ լիովին համամիտ եմ․ անհնարն էլ դառնում է հնարավոր, երբ բոլորը մի բռունցք են»,-գրել է նա։

Տեսանյութում Ծառուկյանը հայտարարում է, որ ժողովուրդը խեղճացած ու ընկճված է, պետք է նորից ոտքի կանգնել. «Երբ մենք մեր մեջքն ուղղենք, ամբողջ աշխարհը մեզ կհարգի։

Արվեստ, մշակույթ, կրթություն, գիտություն, սպորտ, 5 նախարարություն սարքել են մի նախարար։ Այ ախպեր ջան, մի մարդը սկի մի նախարարությունով չի կարում զբաղվի։ Գյուղնախարարությունը փակել են, մենք ունենք 480 հազար հա հող, որ մարդիկ մշակում են, գյուղացին ո՞ւմ պետք է գնա, դիմի, որ պարարտանյութ չունի, վառելիք չունի, ոչ մեկին։ Մարդիկ վարկի տակ են, հողը պետք է թողնի, կամ չի մշակում։ Հարկավոր են ճիշտ մասնագետներ և ցանկություն, չլուծվող հարց չկա։ Պետք է ճիշտ կառավարում, ժամանակակից լուծումներ, միջազգային փորձի կիրառում։

Պետությունը պետք է կարողանա թոշակ էլ բարձրացնի, աշխատավարձ էլ, նվեր էլ տա, պարգևատրում էլ տա։

Այսօր պետք է կամուրջ լինենք, ոչ մեկի հետ թշնամի չլինենք, ամեն տեղից բերենք, զարգացնենք, հաստացնենք մեր ժողովրդին, որ աշխատավարձն էլ բարձրանա, թոշակն էլ բարձրանա, առողջապահությունն էլ ձրի լինի, գույքահարկն ու մյուս գումարներն էլ պետությունը վերցնի իր վրա։ Եթե ճողովուրդդ լավ չապրեց, քո պետությունը չի կարող հզոր լինել։

Առողջապահությունը ոչ թե պետք է պետպատվեր լինի, այլ պետք է անվճար լինի։ Թող ասեն՝ էս հիվանդանոցն անվճար է, բոլորը կարող են գնալ, մասնավորն էլ թող ճոխը սարքի, այնտեղ վճարովի լինի»։

Անդրադառնալով Հիսուս Քրիստոսի արձանի կառուցմանը, նա նշեց. «Կառուցում եմ Քրիստոսի արձանը, հիմա էլ Նոյան Տապանն եմ սարքում, որ մեր ժողովուրդը գլուխը կախ ման չգա։ Նոյան Տապանը մեզնից է սկսվել»։

Ինչ վերաբերում է խաղաղության օրակարգին, նա ընդգծեց. «Թուրքը մեզ հարազատ չի կարա լինի, մինչև էսօր մեր գերիներն այնտեղ են ու մինչև հիմա պահանջներ է դնում։ Էդպես խաղաղություն ո՞նց կլինի»։

Առավել մանրամասն՝ տեսանյութում։

Լրահոս

Օրացույց

Ապրիլի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930