EVN Report-ի ընտրողների վարքագիծը վերծանող ուսումնասիրության երկրորդ փուլի արդյունքները, ցույց են տալիս անվտանգության և երկրի ուղղության վերաբերյալ քաղաքացիների դրական տրամադրությունների կայուն միտում։ Հարցախույզը պատրաստել է «Հայաստանի ընտրական համակարգի ուսումնասիրության կենտրոնը» (ArmES)։ Առաջին փուլի համեմատ՝ հարցման արդյունքները վկայում են իշխող կուսակցության բարենպաստ տեղաշարժի մասին, մինչդեռ ընդդիմադիր կուսակցությունները ձայների բաշխման հարցում մնում են մասնատված։
Փետրվարի 26-ին հրապարակված առաջին հարցման նման՝ երկրորդ փուլը նույնպես ներկայացնում է մանրամասն տվյալներ «չկողմնորոշված» ընտրողների վերաբերյալ․ այս ընտրազանգվածը, թերևս, ամենակարևորն է, քանի որ հենց այն է որոշելու հունիսի 7-ի խորհրդարանական ընտրությունների արդյունքը։ Ընդհանուր արդյունքները ցույց են տալիս, որ վարչապետ Փաշինյանի գլխավորած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն ընտրական դաշտում գերիշխող դիրք ունի ընդդիմության նկատմամբ, սակայն միակուսակցական կառավարություն ձևավորելու համար անհրաժեշտ մեծամասնություն չի ապահովում: Այնուամենայնիվ, թեև «Քաղաքացիական պայմանագիրը» առաջ է ընդդիմադիր բոլոր կուսակցություններից, բայց կստանար ձայների հարաբերական մեծամասնությունը, եթե ընտրություններն անցկացվեին վաղը: Ընդդիմադիր դաշտը գլխավորում է Նարեկ Կարապետյանի ղեկավարած «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը (մասնակցելու է դաշինքով), որի ցուցանիշները երկրորդ փուլում մնացել են գրեթե նույնը, մինչդեռ գործող խորհրդարանի հիմնական ընդդիմադիր ուժը՝ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի գլխավորած «Հայաստան» դաշինքը չի հաղթահարում խորհրդարան անցնելու շեմը: Ընտրական դաշտում անբարենպաստ դիրքում են նաև արևմտամետ ընդդիմադիր ուժերը, որոնցից ոչ մեկը մոտ չէ անցողիկ շեմին, և չունի խորհրդարան անցնելու և «Քաղաքացիական պայմանագրի» հետ հնարավոր դաշինք կազմելու ներուժ:
Հարցման արդյունքները ցույց են տալիս վեց կարևոր զարգացում․ 1) Վարչապետ Փաշինյանի գործունեության գնահատականը ոչ միայն բարելավվել է առաջին փուլի համեմատ, այլև իրականում գտնվում է դրական տիրույթում: 2) Եթե առաջին փուլում հարցվածների ոչ մեծ մասն էր կարծում, թե երկիրը ճիշտ ուղղությամբ է ընթանում, ապա երկրորդ փուլի արդյունքները վկայում են երկրի ուղղության նկատմամբ վստահության զգալի աճի մասին։ 3) «Ուժեղ Հայաստանը» մնում է առաջատար ընդդիմադիր ուժը, իսկ «Հայաստան» դաշինքն առաջին փուլի համեմատ չնչին բարելավել է դիրքը՝ հիմնականում «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ձայների հաշվին։ 4) Ընտրողների մեծամասնությունը համարում է, որ Հայաստանի անվտանգային միջավայրը բարելավվել է՝ նույնիսկ Իրանի պատերազմի պայմաններում։ 5) ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի այցը հայ ընտրողը, ընդհանուր առմամբ, դրական է գնահատել։ Դրական է գնահատվել նաև ԹՐԻՓՓ (Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման) նախագիծը, ի շահ իշխող կուսակցության վարկանիշի աճի։ 6) Անկախ իրենց անհատական կողմնորոշումից, ինչպես առաջին փուլում, հայ ընտրողների մեծամասնությունը կարծում է, որ «Քաղաքացիական պայմանագիրը» կհաղթի և կձևավորի միակուսակցական կառավարություն:
Մեթոդաբանություն և ձևաչափ
Հարցումների երկրորդ փուլի մեթոդաբանական մոտեցումը հիմնված է «Ամերիկյան ազգային ընտրությունների ուսումնասիրությունների» (ANES), մասնավորապես՝ 2020-ի «բազմափուլ հարցումների ուսումնասիրության» վրա։ Քաղաքական վարքագծի հարցախույզների «ոսկե չափանիշ» համարվող «ԱՆԵՍ»-ը նախընտրական և հետընտրական հարցում է, որն իրականացվում է խառը մոտեցմամբ (հեռախոսային + համացանցային): «ԱրմԵս»-ը շատ առումներով նպատակ ուներ նմանվել իր ամերիկյան գործընկերոջը: Ե՛վ «ԱրմԵս»-ը, և՛ «ԱՆԵՍ»-ը հիմնվում են կրկնվող (panel) և թարմ նմուշ (fresh sample) ձևաչափի վրա, և երկուսն էլ ներկայացուցչական են ազգային մակարդակով: Փոքր տարբերությունները ներառում են՝ (1) «ԱՆԵՍ»-ը կիրառում է խառը մոտեցում, մինչդեռ «ԱրմԵս»-ն օգտագործել է բացառապես հեռախոսային հարցազրույցներ, և (2) «ԱՆԵՍ»-ը նախընտրական և հետընտրական բնույթի է, մինչդեռ «ԱրմԵս»-ը միայն նախընտրական է:
Նախընտրական հարցման երկրորդ փուլը մեկնարկել է 2026-ի փետրվարի 23-ին։ Հեռախոսային հարցումն իրականացվել է հեռախոսահամարների պատահական ընտրությամբ, իսկ հարցվողների ընտրությունը կատարվել է համաձայն գրանցված ընտրողների թվաքանակի և մարզային բաշխվածության։ Յուրաքանչյուր հարց տեսականորեն միտված է քաղաքացու ընտրական նախապատվությունները սոցիոլոգիական և սոցիալ-հոգեբանական դիտանկյունից հասկանալուն։ Հարցումը բաղկացած է հետևյալ բաժիններից.
(1) Երկրի ուղղությունը և խնդիրները
(2) Կուսակցական պատկանելություն
(3) Ընտրությունների և թեկնածուների գնահատում
(4) Սոցիալ-ժողովրդագրական և սոցիալ-տնտեսական ցուցանիշներ
(5) Քաղաքացիական կանխատեսում
Հարցվողներին ուղղվել է 23 հարց, որոնցից 14-ը վերաբերել են առաջիկա ընտրություններին։ Հարցումը ներառել է նաև հարցեր՝ ուղղված հարցվողների սոցիալ-տնտեսական և սոցիալ-ժողովրդագրական հատկություններին։ Հարցումն ավարտվել է 2026-ի մարտի 31-ին, հարցմանը մասնակցել է 911 մարդ։ 95 տոկոս վստահության ցուցանիշով սխալի սահմանը կազմում է 3,25 տոկոս։
Արդյունքները
EVN Report-ի հարցման առաջին փուլում հարցվածների 37,9 տոկոսը նշել էր, որ երկիրն ընթանում է սխալ ուղղությամբ, մինչդեռ 34,9 տոկոսը կարծում էր, որ այն շարժվում է ճիշտ ուղղությամբ, իսկ ընտրողների 26,5 տոկոսը եղել է չկողմնորոշված: Երկրորդ փուլը ցույց է տալիս իշխող կուսակցության դիրքերի զգալի բարելավում, քանի որ 41,2 տոկոսը նշել է, որ երկիրն ընթանում է ճիշտ ուղղությամբ (6 տոկոս աճ), իսկ 33,3 տոկոսը՝ սխալ ուղղությամբ: Այս փոփոխությունը կարող են բացատրել երեք գործոններ. 1) փոխնախագահ Վենսի այցից հետո կառավարության ստացած քաղաքական օգուտները, 2) կառավարության վարած քաղաքականությունը Իրանի պատերազմի կապակցությամբ, 3) կենսաթոշակների բարձրացման վերաբերյալ կառավարության հայտարարությունը։ Միջազգային հեղինակության աճի, անվտանգության զգացողության ուժեղացման և սոցիալական ծախսերի ընդլայնման պայմաններում, ըստ երևույթին, ձևավորվել է հանրային դրական արձագանք երկրի զարգացման ընթացքի նկատմամբ։ Ընտրողների վարքագծի վերաբերյալ լայնածավալ հետազոտություններում երկրի ուղղության փոփոխականը հանդիսանում է իշխող կառավարության նկատմամբ հանրային ընդհանուր ընկալումների շատ ուժեղ ցուցիչ, ինչը վկայում է, որ գործող կառավարության նկատմամբ հանրային վերաբերմունքը զգալիորեն բարելավվել է մեկ ամիս առաջվա համեմատ։






































