Քննիչի օրինական ծառայողական գործունեության կապակցությամբ վնաս պատճառող տեղեկություններ հրապարակելու և խուլիգանության մեջ մեղադրվող քաղաքացու վերաբերյալ քրեական վարույթն ուղարկվել է դատարան

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում ՀՀ քննչական կոմիտեից ստացված հաղորդման հիման վրա նախաձեռնված քրեական վարույթով իրականացված նախաքննությամբ պարզվել է, որ քաղաքացին ՀՀ ՔԿ քննիչի օրինական ծառայողական գործունեության կապակցությամբ հրապարակել է նրա իրավունքներին ու օրինական շահերին վնաս պատճառող տեղեկություններ, ինչպես նաև հաղորդակցական տեխնոլոգիաներն օգտագործելով՝ կատարել է խուլիգանություն:

Մասնավորապես՝ նախաքննությամբ պարզվել է, որ հիշյալ անձն իր վերաբերյալ ՔԿ համապատասխան քննչական վարչության քննիչի կողմից քննված և 2024 թվականի մայիսի 31-ին կայացված կարճման որոշման կապակցությամբ, տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաներն օգտագործելով, իր անձնական ֆեյսբուքյան էջի սոցիալական բաց հարթակում խոսելով հիշյալ քրեական վարույթի մասին, անպարկեշտ արտահայտություններ ու հայհոյանքներ է հնչեցրել քննիչի և նրա ընտանիքի անդամների հասցեին՝ այդ կերպ հրապարակայնորեն նսեմացնելով պետական ծառայողի պատիվն ու արժանապատվությունը, հասարակության նկատմամբ դրսևորելով անհարգալից, իսկ բարոյական ու իրավական նորմերի նկատմամբ՝ բացահայտ արհամարհական վերաբերմունք:

Քաղաքացուն մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով և ՀՀ քրեական օրենսգրքի 490-րդ հոդվածի 2-րդ մասով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը:

Քրեական վարույթի նախաքննությունը ավարտվել է, և վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել են իրավասու դատարան:

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Լրահոս

Օրացույց

Ապրիլի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930