ԱԺ արտահերթ նիստին հրատապության կարգով կքննվի 4 նախագիծ. մեկը վերաբերում է Ընտրական օրենսգրքին. մանրամասներ

ԱԺ նախագահի որոշմամբ՝ գումարվել է արտահերթ նիստ:

Օրակարգում 4 նախագիծ է ընդգրկված, որոնք պետք է ընդունել հրատապության կարգով՝ 24-ժամյա ռեժիմով:

Ըստ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանի՝ հրատապությունը պայմանավորված է հունիսի 7-ին նախատեսված ԱԺ հերթական ընտրություններով, և նախքան ընտրությունները պետք է դրա կազմակերպման վերաբերյալ արդյունավետ մեխանիզմներ նախատեսել:

Առաջինը Ընտրական օրենսգրքի փոփոխություններ և լրացումներ նախատեսող նախագիծն է:

«Երկու կոմպոնենտ ունի նախագիծը. մեկը վերաբերում է քվեարկության նկատմամբ վերահսկողության արգելքի համար նախատեսվող գործիքակազմի լավարկմանը, մյուսը՝ կուսակցությունների անվանումներին»,- ասել է Ջուլհակյանը:

Երկրորդ նախագիծը հրատապ է այնքանով, որ ջերմատների և ավազանների շինթույլտվության համար տեղական տուրքերի փոփոխության վերաբերյալ նախագիծը պետք է օր առաջ ընդունել, քանի որ կան մի շարք ներդրումային ծրագրեր, որոնք սպասման փուլում են, և մեկնարկը կախված է տվյալ կարգավորման ընդունումից: Հաշվի առնելով նաև ոլորտի սեզոնայնությունը՝ չընդունումը կարող է հանգեցնել ծրագրերի հետաձգման, ներդրումային հոսքերի նվազման, տնտեսական ակտիվության անկման: Սրանով պայմանավորված՝ անհրաժեշտ է նախագիծն ընդունել օր առաջ:

Երրորդ նախագիծը վերաբերում է առողջության համընդհանուր ապահովագրությանը: Վեր հանված խնդիրների լուծման ուղղությամբ նաև մի շարք ժամկետների ապահովման նպատակով նախագիծը ներառվել է արտահերթ նիստի օրակարգում:

Չորրորդը տեսալսողական մեդիայի մասին օրենքում փոփոխություններ նախատեսվող նախագիծն է, որով կամրագրվի սինթետիկ բովանդակության իրավական սահմանումը որպես տեսալսողական, ձայնային կամ այլ տեղեկատվական նյութ, որն ամբողջությամբ կամ մասնակիորեն գեներացվել կամ ձևափոխվել է ԱԲ համակարգերի կամ գեներատիվ տեխնոլոգիաների կիրառմամբ:

«Նախագծի ընդունումը հրատապ է, քանի որ ընտրական գործընթացներին ընդառաջ ահագնանում են այն տեմպերը, որոնցով ԱԲ-ով գեներացվում է մեդիաբովանդակություն, և կարևոր է, որ այդ հարցը կարգավորվի մինչև ընտրությունները, քանի որ հեռուստաընկերությունները և համապատասխան պետական կառույցներն այս կարգավորումներին իրենց գործունեությունը համապատասխանեցնելու համար ժամանակի կարիք ունեն»,- ասել է նա:

Լրահոս

Օրացույց

Ապրիլի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930