Բաքու կատարած աշխատանքային այցի ընթացքում Ղազախստանի վարչապետ Օլժաս Բեկտենովը մասնակցել է Թյուրքական պետությունների կազմակերպության անդամ երկրների պատվիրակությունների ղեկավարների հետ խմբային հանդիպմանը և Կազմակերպության անդամ պետությունների կառավարությունների ղեկավարների/փոխնախագահների հանդիպմանը: Դրա մասին հայտնել են Ղազախստանի կառավարությունից:
«Ուշադրություն է դարձվել տրանսպորտի և տարանցիկ համագործակցության հարցին: Միջին միջանցքի կարգավիճակն ամրապնդելու համար այս տարի նախատեսվում է Ղազախստանի և Ադրբեջանի միջև միջկառավարական համաձայնագիր ստորագրել: Օլժաս Բեկտենովը նշել է Տրանսկասպյան տրանսպորտային երթուղու (Միջին միջանցք, Trans-Caspian International) հետագա զարգացման անհրաժեշտությունը՝ հաշվի առնելով Զանգեզուրի միջանցքի բացումը:
Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի նախաձեռնությամբ ստեղծված Թյուրքական պետությունների կազմակերպության թվային մոնիթորինգի կենտրոնը կարող է լրացուցիչ խթան հաղորդել Միջին միջանցքի զարգացմանը: Այդ առումով առաջարկվել է անհապաղ հատուկ աշխատանքային խումբ ստեղծել»,- ասվում է Ղազախստանի կառավարության մամուլի հաղորդագրության մեջ:





































