Հայաստանի խնդրանքով Վրաստանը եւ Հայաստանը կապող գազատարի 5.5 կիլոմետրանոց հատվածը կտեղափոխվի, համապատասխան հայտն արդեն ներկայացվել է Վրաստանի բնական պաշարների նախարարության շրջակա միջավայրի վերահսկողության վարչություն, հաղորդել է «Sputnik-Грузия»-ն։
Փաստաթղթերի համաձայն՝ գազատարի տեղանքի փոփոխությունը պայմանավորված է հայկական կողմի խնդրանքով, քանի որ գազատարի հայկական հատվածը գտնվում է եռակողմ՝ վրաց-հայ-ադրբեջանական սահմանային գոտում եւ ականապատվել է 1990-ական թթ․։
«Հաշվի առնելով, որ այս հատվածում անհնար է պահպանել նվազագույն անվտանգության չափանիշները եւ իրականացնել նորոգման աշխատանքներ, եռակողմ միջպետական համաձայնագրի հիման վրա որոշվել է գազատարի վերոնշյալ խնդրահարույց հատվածը հանել ականապատ գոտուց եւ անվտանգ հեռավորության վրա կառուցել նոր գազատար»,- նշվել է տեղափոխման հիմնավորման մեջ։
Խողովակաշարը կտեղափոխվի մի քանի կիլոմետր եւ կմիացվի հայկական կողմի կողմից կառուցված նոր հատվածին։






































