Ռազմավարական հետազոտություններում կա «լարվածության մեջ գերակայություն» (անգլ.՝ domination in escalation) հասկացությունը։ Այս մասին գրել է իրանագետ Վարդան Ոսկանյանը։
«Այն նշանակում է, որ կողմերից մեկը կարողանում է վերահսկել հակամարտության սրման բոլոր աստիճանները և յուրաքանչյուր փուլում ավելի մեծ լարվածություն հաղորդել դրան։ Իրանի դեմ պատերազմում, չնայած ԱՄՆ-ի և Իսրայելի ռազմական հնարավորությունների առավելությանը, Թեհրանն ինքը նույնպես կարողանում էր բարձրացնել և կառավարել լարվածության աստիճանը, ըստ էության, պահպանելով լարվածության մեջ զուգաչափ և անզուգաչափ հավասարակշռությունը։
Իրանին դա հաջողվում է ապահովել Պարսից ծոցի ամբողջ տարածաշրջանում առկա արդեն իսկ խոցված և պոտենցիալ թիրախների հսկայական քանակի պատճառով։ Ավելի պարզ բանաձևմամբ՝ եթե, ԱՄՆ-ի կամ Իսրայելի կողմից լարվածության մեջ գերակայության հասնելու նպատակով թիրախ է դառնում իրանական որևէ օդանավակայան, ապա Իրանը պատսախան հարված է հասցնում Պարսից ծոցի տարածաշրջանի օդանավակայաններից մեկին և այսպես շարունակ։
Այս առումով որոշ դեպքերում նույնիսկ Իրանն ինքն է թելադրում գերակայություն լարվածության մեջ, դիցուք՝ Իրաքում տեղակայված քրդական ուժերին կամ Կիպրոսի ռազմակայանին հարվածելով։ Այս համատեքստում է պետք, ամենայն հավանականությամբ, դիտարկել նաև Նախիջևանի օդանավակայանին ԱԹՍ-ներով «տարօրինակ» հարվածը»,-գրել է նա։





































