Կատարի ներքին գործերի նախարարությունը բնակիչների բջջային հեռախոսներին նախազգուշացում է ուղարկել այն մասին, որ Պարսից ծոցի երկրում անվտանգության սպառնալիքը «մեծացել է». հայտնում է Al Jazeera-ն։
Ավելի ուշ գերատեսչությունը տեղեկացրել է, որ «անվտանգության սպառնալիքը վերացված է, և իրավիճակը կարգավորվել է»։
Իր հերթին Կատարի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ «զինված ուժերը որսացել են երկրին ուղղված հրթիռային հարվածը»։
Չի հստակեցվել, թե քանի հրթիռ է արձակվել և որն է եղել թիրախը։
Հիշեցնենք, որ ԱՄՆ-ն և Իսրայելը փետրվարի 28-ից ի վեր հարվածներ են հասցնում Իրանի տարածքին, ինչը հանգեցրել է ավերածությունների և մարդկային զոհերի: Ի պատասխան՝ Իրանը հրթիռային հարվածներ է հասցնում Իսրայելին և տարածաշրջանում ԱՄՆ-ի ռազմաբազաներին: Իսրայելի և ԱՄՆ-ի հարձակման ժամանակ սպանվել են նաև Իրանի հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Սեյեդ Խամենեին և երկրի այլ բարձրաստիճան պաշտոնյաներ:
Մարտի 2-ին Իսրայելի դեմ պատերազմի մեջ է մտել նաև «Հեզբոլլահ» շարժումը: Իսրայելը հայտնել է շարժման դեմ հարձակողական գործողության մեկնարկի մասին և ներխուժել հարավային Լիբանան:






































