Դուբայում սկսել են մեծ զեղչերով վաճառել ոսկու ձուլակտորներ՝ Մերձավոր Արևելքում իրավիճակի սրման պատճառով առաջացած մատակարարման խնդիրների ֆոնին։ Այս մասին հայտնում է Bloomberg գործակալությունը՝ հղում անելով իրազեկ աղբյուրներին։
«Թրեյդերները առաջարկում են մինչև 30 դոլար զեղչ յուրաքանչյուր ունցիայի համար՝ Լոնդոնի համաշխարհային հենանիշային ցուցանիշի համեմատ», — նշվում է նյութում։
Նշվում է, որ շատ հավանական գնորդներ հրաժարվում են թանկարժեք մետաղ գնելուց, քանի որ չեն ցանկանում կրել չափազանց բարձր ծախսեր դրա տեղափոխման և ապահովագրության համար՝ առանց ժամանակին առաքման երաշխիք ստանալու։
Գործակալության զրուցակիցները նաև նշել են, որ ներկայումս նման բեռների մի մասը, որոնք արդեն տեղադրվել էին ինքնաթիռներում՝ նոր սեփականատերերին հասցնելու համար, մի քանի օր է՝ ուշանում են։






































