ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանը համաձայն չէ պնդմանը, թե բանակը հիմա կազմաքանդվում է։ «Ո՛չ, ոնց կարամ այդպես համարեմ։ Ես բանակի մոտ կանգնած եմ, մենք դիրքերում կանգնած ենք, բանակը ո՞նց կարա կազմակերպվի»,– այսօր՝ հունվարի 28–ին, Եռաբլուրում լրագրողների հետ զրույցում ասաց նա։
«Սահմանին տղաների բարոյահոգեբանական վիճակը շատ բարձր է, 44–օրյա պատերազմի ժամանակ էլ էր շատ բարձր։
Մենք միշտ հայի ձեռքով ենք պարտվել։ Հայ ազգը միշտ պարտվել է հայ ազգի ձեռքով։ Պատմություն ուսումնասիրեք, կիմանաք։ Վազգեն Սպարապետին Ազգային ժողովում գնդակարեցին, Մխիթար սպարապետի գլուխ կտրած թաղած է»,–ասաց ԵԿՄ նախագահը։
Հարցին՝ նկատի ունի վատ ղեկավարությա՞նը, Սասուն Միքայելյանն արձագանքեց. «Դուք մի տարեք դեպի քաղաքականություն։ Վատ ղեկավարություն եղել է նախորդ իշխանությունների ժամանակ։ Եթե մեր թշնամին 20 տարի զենք ու զինամթերք էր առնում ժամանակակից, այդ ու՞մ գլխին պիտի թափեր։ Մեր գլխին, չէ՞։ Բա մեր իշխանությունները ի՞նչ էին անում, երբ իրանք էլ գիտեին, որ ոչ մի հարց չի կարող բանակցային փուլով լուծվի։
Այսօր պետականություն ունենք, թողեք գնանք խաղաղության։ Եռաբլուրում ենք կանգնած, տեսանք ինչ կատարվեց 44-օրյա պատերազմում։ Մենք պիտի պատրաստ լինենք մեր պետական սահմանները պահելուն, ու նորմալ ձևով պահում ենք։ Արտաքին քաղաքականությունն էլ հոյակապ գնում է, դրա համար բերեք, չբզբզանք»։







































