Հայկական կրթական հիմնարկությունը (Armenian Educational Foundation) իր 75-ամյակի հանդիսավոր միջացառման ընթացքում Educational Visionaries Award մրցանակ է շնորհել Ռուբեն Վարդանյանին և Վերոնիկա Զոնաբենդին՝ որպես կրթության ապագայի տեսլական ունեցող գործիչների:
Վերոնիկա Զոնաբենդը ներկա է գտնվել միջոցառմանը ու իր և ամուսնու՝ արդեն երկու տարի ադրբեջանական բանտում կեղծ մեղադրանքներով ապօրինի պահվող Ռուբեն Վարդանյանի անունից շնորհակալության է հայտնել գնահատանքի համար: Ստորև ներկայացվում է Վերոնիկա Զոնաբենդի խոսքը.
«Մեծ պատիվ է այսօր այստեղ լինելն ու այս հեղինակավոր մրցանակը Ռուբենի և իմ անունից ստանալը։ Իհարկե, կցանկանայի այստեղ Ռուբենի հետ միասին կանգնած լինեինք:
Խորապես շնորհակալ եմ այսօր ձեզ դիմելու հնարավորության համար։ Չնայած ես ծնվել եմ ռուս-հրեական ընտանիքում, ինձ համարում եմ ընտությամբ հայ՝ Armenian By Choice:
Հայաստանում փոփոխության գաղափարի նկատմամբ Ռուբենի կիրքն ու սերն ինձ ոգեշնչեց նույնն անել։ Աշխարհն իսկապես ենթարկվում է մեծ փոփոխությունների, և այն համակարգերը, որոնց վրա մենք ժամանակին հույս էինք դնում, փլուզվում են։ Ռուբենն ու ես աշխարհի այն մասից ենք, որտեղ կայունությունը հազվադեպ երևույթ է եղել, և մեր սերունդն այսպիսի ժամանակներ նախկինում ևս ապրել է։ Բայց մենք հաստատ գիտենք, որ կրթությունը միշտ էլ անձնական հզորացման խթանիչ է եղել։ Մեր դեպքում՝ ես ուսումնասիրել եմ ավիատիեզերական ճարտարագիտություն, մինչդեռ Ռուբենը՝ տնտեսագիտություն, և մենք մեծ հավատ ունենք կրթության ազդեցության նկատմամբ։ Մեր ծնողներից մենք սովորել ենք կրթության իրական արժեքը։ Դա միակ ունեցվածքն է, որը ոչ ոք երբեք չի կարող խլել։ Ո՛չ գիտելիքը, ո՛չ արժեքները չեն կարող խլվել մեզանից։
Եվ չնայած հայերը վաղուց ցրված են ամբողջ աշխարհում, միայն միասնության և գիտելիքի փոխանցման միջոցով է, որ մենք մնում ենք կապված միմյանց հետ։ Կրթությունը և ընդհանուր արժեքներն անտեսանելի թելեր են, որոնք մեզ կապում են անկախ նրանից, թե որքան հեռու ենք ապրում միմյանցից։
Այսօր, ևս մեկ անգամ, մենք կանգնած ենք նոր դարաշրջանի շեմին։ Այնուամենայնիվ, կան բաներ, որ անփոփոխ են՝ մարդկային արժեքները և մեզ միավորող կապերը: Հայ կրթական հիմնարկության 75-ամյակը վկայում է այն կարևորության մասին, որը մեր ժողովուրդը տալիս է կրթությանը՝ որպես ապագայի ուղի։
Ինչ էլ որ անեք կյանքում, պետք է անեք սրտով և սիրով, քանի որ դա միակ բանն է, որը ոչ ոք երբեք չի կարող խլել ձեզանից։ Եվ հիմա, երբ Ռուբենը զրկված է ազատությունից՝ գտնվելով դաժան և անարդար պայմաններում, նրա կյանքն ինքնին դարձել է ավելի լավ աշխարհի նկատմամբ նրա անսասան հավատի վկայությունը՝ այնպիսի աշխարհի, որը կառուցված է գիտելիքի, կրթության և համայնքի ուժի վրա։
Այժմ ավելի քան երբևէ, մենք պետք է միասին կանգնենք փոփոխությունների առջև՝ ձգտելով կայունություն բերել աշխարհին՝ մեր գիտելիքն ու մեր փորձով քաղված դասերը փոխանցելով հաջորդ սերնդին, քանի որ հենց նրանք են մեզ դուրս բերելու վաղվա անորոշություններից։
Եկե՛ք միավորվենք և ինքներս մեզ խոստանանք սովորեցնել, սովորել ու միասին լինել։ Շնորհակալություն այս պատվի համար»։