«Լավ է՝ չեն ասում, թե քննչական կոմիտեում բռնաբարություններ են տեղի ունեցել։ Օրինակ ասեին, որ տղաս քննչական կոմիտեում ինչ–որ մեկին բռնաբարել է, լավ է՝ նման գործ չհարուցեցին։ Փաստորեն դեռ դեմոկրատիա կա»։ Այսպես արձագանքեց Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանը շրջանառվող տեղեկություններին այն մասին, որ այսօր առավոտյան Շիրակի մարզային քննչական վարչությունում վիճաբանություն և ծեծկռտուք է տեղի ունեցել իր որդու աջակիցների և իրավապահների միջև։
Վարդան Ղուկասյանը, NEWS.am–ի հետ զրույցում հերքեց վիճաբանության մասին լուրերը։
Խոսելով որդու՝ Սպարտակ Ղուկասյանի նկատմամբ իրականացվող իրավական գործընթացների մասին, Գյումրու քաղաքապետն ասաց.
«Ցինիզմի վերջին աստիճանն է։ Հերթական անգամ Հայաստանում դատում են քաշող ուժերին, որ ադրբեջանցիներին բերեն Հայաստան»։
Նշենք, որ ըստ շրջանառվող տեղեկությունների, այսօր՝ սեպտեմբերի 11-ին, Շիրակի մարզային քննչական վարչությունում վիճաբանություն և ծեծկռտուք է տեղի ունեցել Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի որդու՝ Սպարտակ Ղուկասյանի աջակիցների և իրավապահների միջև։
Քննչական կոմիտեից NEWS.am–ին հայտնեցին, որ ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 1-ին մասով (խուլիգանությունը) և 452-րդ հոդվածի 3-րդ մասով (պաշտոնատար անձի օրինական ծառայողական կամ քաղաքական գործունեությանը միջամտելու նպատակով պաշտոնատար անձի կամ նրա մերձավոր ազգականի կամ մերձավորի կամ նշված անձանց դաստիարակության, խնամքի կամ հսկողության տակ գտնվողի նկատմամբ բռնություն գործադրելը)։
Կատարվում է նախաքննություն։
Հիշեցնենք, որ երեկ՝ սեպտեմբերի 11-ին բերման էր ենթարկվել Սպարտակ Ղուկասյանը։ Նրա նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է տնային կալանքը՝ երկու ամիս ժամկետով։