Իսրայելի պաշտոնյաները հայտարարել են, որ որոշ ժամանակ առաջ Իսրայելի ռազմաօդային ուժերը «փոքր» հարված են հասցրել Թեհրանի հյուսիսում գտնվող իրանական ռադարին, հաղորդում է Times of Israel-ը։
Հարվածը, ենթադրաբար, եղել է ի պատասխան այսօր առավոտյան հրադադարի հայտարարումից հետո Իրանի կողմից Իսրայելի ուղղությամբ երկու բալիստիկ հրթիռների արձակմանը։
Իրանը հերքում է հրադադարի խախտումը։
Ավելի վաղ, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Truth Social սոցիալական ցանցում պահանջել էր, որ Իսրայելը ետ շրջի իր ինքնաթիռները և չռմբակոծի Իրանը։
Այնուհետև, Թրամփը և վարչապետ Բենիամին Նեթանյահուն հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում, ըստ իսրայելական լրատվամիջոցների, նրանք համաձայնել են հարվածել մեկ «խորհրդանշական թիրախի՝ ի պատասխան Իրանի կողմից հրադադարի խախտման»։
Ավելի ուշ, Թրամփը հայտարարել է, որ Իսրայելը չի հարձակվի Իրանի վրա, բայց հետ կշրջի իր ինքնաթիռները և «բարեկամական կերպով կթափահարի թևերը» Իրանի վրա։
Իրանը նախկինում հաղորդել էր Իսրայելի կողմից երկրի մի քանի թիրախների վրա հարվածների մասին։