Իհարկե, դատողություններ կան այդ ուղղությամբ, տարբեր զարգացումներ հնարավոր են։ Այս մասին այսօր՝ հունիսի 16–ին, մամուլի ասուլիսի ժամանակ նշեց ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը՝ անդրադառնալով հարցին, թե Իրան–Իսրայել հակամարտությունն ինչ ազդեցություն կարող է ունենալ Հայաստանի տնտեսության վրա։
«Մեր բյուջետային փաստաթղթերում մենք ռիսկային սցենար էլ ենք դիտարկում։Մենք տարբեր սցենարներ ենք ներկայացնում հենց այդ փաստաթղթի մեջ, այդ ռիսկային սցենարի ազդեցությունը նույնպես գնահատում ենք և ցուցանիշներն էլ դնում ենք։ Օրինակ, եթե չեմ սխալվում, ռիսկային սցենարներից մեկի դեպքում տնտեսական աճը կարող է լինել 5.1-ի փոխարեն 1.3%։
Ինչ վերաբերվում է Իրանի և Իսրայելի մինչև սրացմանը, էլի կան երևույթներ որոնք բացասաբար կարող են ազդել մեզ վրա, կան երևույթներ, որոնք կարող են դրական ազդել մեզ վրա։ Շատ բան կախված է այդ սրացման աստիճանից և դրա տևողությունից»,–ասաց նա։
Նախարարը հիշեցրեց, որ երբ ռուս-ուկրաինական պատերազմը սկսվեց 2022 թվականին, Հայաստանը ելնելով 2014 թվականի փորձից, միանգամից սկսել է նայել վատթարացման սցենարներ. «Բայց իրական կյանքում մենք դրա արդյունքում ունեցանք ավելի դրական զարգացումներ։ Հիմա էլ մենք չենք շտապում եզրակացություններ անել։
Մեր անելիքները մնում են նույնը։ Իհարկե, Էկոնոմիկայի նախարարության մեր գործընկերները վստահ եմ՝ զբաղվում են մեր լոգիստիկ մատակարարումների հետ կապված հարցերով, որը Իրանի միջոցով է տեղի ունենում, թե ինչպես նրանք կարող են կազմակերպվել այս միջավայրում, որի պատասխանը ես հիմա անմիջապես չեմ կարող տալ, քանի որ անմիջականորեն ներգրավված չեմ այդ աշխատանքներում,–ասաց Ֆինանսների նախարարը։
Նրա խոսքով, Իրան–Իսրայել հակամարտությունը կարող է ազդել մատակարարումների վրա, քանի որ մեր տնտեսության լոգիստիկայի մի մասը նաև կապված է Իրանից մատակարարումների հետ. «Դրանք կարող են խաթարվել, երկարել, թանկանալ և այլն։
Եթե իրավիճակը այնպես սրվի, որ միջազգային ներդրողները Հայաստանը նույնպես սկսեն համարել ռիսկային միջավայր ներդրումներ կատարելու համար, դա արդեն կարող է ազդել տոկոսադրույքի վրա։ Մենք պետք է հետևենք զարգացումներին և ընթացս հասկանանք, թե ինչ պետք է անենք, եթե կարող ենք անել որոշ բաներ, որոնք կմեղմեն այդ ազդեցությունները»,– ընդգծեց նա։