Ոստիկանության գվարդիան հակաահաբեկչական և պատերազմական դրություններում կկիրառի հատուկ տեխնիկա. Արփինե Սարգսյան

Ներքին գործերի նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը «Հայկական ժամանակ»-ի հետ հարցազրույցում մանրամասնել է, թե ինչ գործառույթներ է իրականացնելու ոստիկանության գվարդիան:

Հարցազրույցը ներկայացնում ենք՝ ստորև.

— Տիկին Սարգսյան, ինչպե՞ս ոստիկանության գվարդիա ստեղծելու գաղափար առաջացավ:

— Ոստիկանությունում մեկնարկած բարեփոխումների շրջանակներում գնահատման առարկա է եղել այն, թե ինքնին ոստիկանության ընդհանուր կառուցվածքը և առանձին վերցված ստորաբաժանումներն արդյունավետության ինչպիսի մակարդակ ունեն, և ինչպիսի նկարագիր պետք է ունենա այն նոր Ոստիկանությունը, որը պետք է հանրությանն ավելի մոտ կանգնած լինի, երաշխավորի վստահության վրա հիմնված պրոֆեսիոնալ և արդյունավետ աշխատանք։ Ուսումնասիրություններն ի վերջո ակնհայտ դարձրին, որ Ոստիկանության կառուցվածքում գործող ոստիկանության զորքերի կողմից ներքին և արտաքին անվտանգության գործառույթների զուգակցումը չի բխում ոստիկանության ընդհանուր խնդիրներից, սկզբունքորեն իրարից տարբերվող այս երկու գործառույթների իրականացումը հնարավորություն չի տալիս խորացնել պրոֆեսիոնալիզմը հիմնական որևէ գործառույթում և ապահովել անձնակազմի որակյալ պատրաստում։ Բացի այդ, հիբրիդային այս կարգավիճակը նշանակում էր նաև, որ ոստիկանության զորքերը և՛ ոստիկանության մաս է, և՛ ոչ, տարբեր իրավիճակներում կարող է գերատեսչական ենթակայություն փոխել։ Եվ այս դիրքավորումը, ըստ էության, ամբողջովին չէր կարող բավարարել ոչ՛ ոստիկանության, ոչ՛ պաշտպանական գերատեսչության ակնկալիքները։

Կարծում եմ՝ ակներև է, որ զինված ուժերի կանոնավոր ստորաբաժանումների համանմանությամբ մարտական առաջադրանքների սահմանումն այն ծառայողների համար, որոնք մեծ մասամբ անցել են հասարակական կարգի պահպանության ապահովման մասով ուսուցում, արդյունավետությամբ աչքի ընկնել չի կարող, միաժամանակ, էապես իրարից տարբեր են զինված ուժերի և ոստիկանության շարային ստորաբաժանումների կառուցվածքը և հաստիքակազմը՝ հարմարեցված իրենց առջև դրված հիմնական խնդիրների լուծմանը։ Ըստ այդմ՝ որոշվեց ձևավորել ամբողջովին ոստիկանական մասնագիտացված ծառայություն, որը պատասխանատու կլինի ներքին անվտանգային սպառնալիքների չեզոքացման համար՝ շարունակելով մնալ համապարփակ անվտանգության համակարգի կարևոր բաղադրիչ։ Սա թույլ պետք է տա նաև ՀՀ պաշտպանության գործառույթին աջակցել շատ ավելի թիրախային գործիքակազմով։

— Մասնավորապես ի՞նչ գործառույթ է կատարելու ոստիկանության գվարդիան, և ե՞րբ այն վերջնական կձևավորվի:

— Պետք է նշեմ, որ գաղափարից պրակտիկ լուծման հասնելու ճանապարհը լի է եղել բազմաթիվ քննարկումներով, մասնագիտական կարծիքներով, նաև, ինչու ոչ, բանավեճերով՝ շոշափելով բազմաշերտ հարցեր։ Այս համատեքստում նոր ծառայության ստեղծման առաջին քայլը հանդիսացավ «Ոստիկանության գվարդիայի մասին» օրենքի հայեցակարգի ընդունումը։ Կցանկանայի ընդգծել, որ սա բացառիկ օրինակներից է, երբ օրենսդրական նախաձեռնությունը սկսվում է հայեցակարգի մշակումից, այսինքն՝ մշակել ենք հայեցակարգային լուծումները, որոնք դարձրել ենք պետական մարմինների, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ քննարկման առարկա։ Հայեցակարգային լուծումների շուրջ համաձայնության գալով՝ մշակվել է օրենսդրական փաթեթը, որը հանրային լայն քննարկման փուլ անցնելուց հետո այս տարի՝ հոկտեմբերի 24-ին, ընդունեց Ազգային ժողովը։

Ոստիկանության գվարդիայի գործառույթների ցանկը մշակելիս մի կարևոր սկզբունք է հիմք ընդունվել. գործառույթները պետք է լինեն մաքուր ոստիկանական, չկրկնվող և եզակի տվյալ ծառայության համար։ Հենց այս տրամաբանությամբ էլ, ըստ արդեն ընդունված օրենքի, ոստիկանության գվարդիայի հիմնական գործառույթներն են հանդիսանալու հասարակական կարգի պահպանությունը և հասարակական անվտանգության ապահովումը, կարևորագույն նշանակության օբյեկտների պահպանությունը, հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգության ապահովմանն աջակցելը, ռազմական և արտակարգ դրության իրավական ռեժիմների ապահովմանը, ինչպես նաև հակաահաբեկչական գործողություններին մասնակցելը։

Ինչ վերաբերում է ծառայության վերջնական ձևավորմանը, ապա նշեմ, որ «Ոստիկանության գվարդիայի մասին» օրենքով նախատեսվում է այն գործարկել 2025 թվականի նոյեմբերի 1-ից։ Մինչ այդ իրականացնելու ենք լայնածավալ նախապատրաստական աշխատանքներ, այդ թվում՝ կառուցվածքի նախագծում, հաստիքների բաշխում, վերապատրաստումներ, նյութատեխնիկական հագեցվածության ապահովում և այլն։ Վերապատրաստումների շրջանակներում մեծ ուշադրություն է դարձվել ուժային միջոցների գործադրման ստանդարտին, քանի որ նոր օրենքն առաջին անգամ ոստիկանության համար սահմանում է այսպիսի ստանդարտ։ Ինչ վերաբերում է նյութատեխնիկական հագեցվածությանը, այն իրականացվելու է փուլային սկզբունքով․ արդեն իսկ 2025 թվականի բյուջետային հայտով ունենք հաստատված հատկացում, մնացյալ մասը կապահովվի 2026 թվականի ընթացքում։

— Իսկ ովքե՞ր են ներգրավված լինելու դրանում, ինչպիսի՞ ստորաբաժանումներ:

— Ոստիկանության գվարդիան ձևավորվելու է որպես լիարժեք նոր կառույց՝ չլինելով ոստիկանության որևէ ստորաբաժանման իրավահաջորդը։ Ոստիկանության գվարդիայի ձևավորմամբ դադարեցվելու են ոստիկանության կառուցվածքում գործող ոստիկանության զորքերի, պետական պահպանության գլխավոր վարչության, ուղեկցող ստորաբաժանման, որոշ ստորաբաժանումներում գործող հատուկ նշանակության ստորաբաժանումները, ինչպես նաև՝ քրեական վարույթում ներգրավված անձանց պաշտպանության ստորաբաժանումները։ Այս պահին աշխատանքներ են տարվում ոստիկանության գվարդիայի բուն կառուցվածքի մանրամասների մշակման ուղղությամբ, բայց գործառույթներն արդեն իսկ ընդհանուր առմամբ թելադրում են կառուցվածքը։ Կառուցվածքային միավորներից զատ՝ թերևս ամենակարևոր հարցը կադրերի ընտրությունն է։ Ընդունված մոտեցումն այն է, որ ոստիկանության գվարդիայի կառուցվածքային բոլոր ստորաբաժանումների համապատասխան պաշտոններում նշանակումները կախված են լինելու վերապատրաստման արդյունքներից։ Ընդ որում՝ այս ձևաչափին զուգահեռ մենք ունենք նաև ատեստացիայի գործընթացը, որը լրացուցիչ ֆիլտր է։

— Որքա՞ն է լինելու գվարդիայի ծառայողների թիվը, եթե, իհարկե, այն հրապարակման ենթակա է:

— Հաշվի առնելով, որ ոստիկանության գվարդիայի ձևավորման հենքում ընկած է լինելու նաև ներկայիս ոստիկանության զորքերը, որի թվաքանակը ենթակա չէ հրապարակման, ուստի այս փուլում զերծ կմնամ հստակ թվեր հնչեցնելուց, միայն փաստեմ, որ հաստիքների թիվը պետք է երաշխավորի գործառույթների ընդգրկուն ծավալի պատշաճ կատարումը։

— Ի՞նչ համազգեստ են կրելու գվարդիայի ծառայակիցները:

— Ոստիկանության գվարդիայի ծառայողները կրելու են բացառապես ոստիկանական համազգեստ, քանի որ հանդիսանալու են ոչ թե զինծառայողներ, ինչը, օրինակ, ոստիկանության զորքերի պարագայում էր, այլ լինելու են բացառապես ոստիկանության ենթակայությամբ գործող, մաքուր ոստիկանական գործառույթ իրականացնող ծառայողներ։ Ասեմ, որ այս պահին ոստիկանական ամբողջ համակարգի համար համազգեստի նկարագիրն ենք փոխում, մոդելային օրինակը պարեկային ծառայության համազգեստն է, ընդ որում՝ ոչ միայն արտաքին տեսքի առումով, այլ նաև որակի, հարմարավետության։ Հետևապես, գվարդիայի ծառայողները այդպիսի նոր համազգեստով կսկսեն ծառայությունը։ Ինչ վերաբերում է առանձին գործառույթներ իրականացնող հատուկ ստորաբաժանումների ծառայողներին, ապա նրանք կունենան այդ գործառույթների իրականացմանը համապատասխանեցված համազգեստ։

— Իսկ ի՞նչ կոչումներ և պաշտոններ են նախատեսված լինելու:

— Քանի որ ոստիկանության գվարդիան հանդիսանալու է զուտ ոստիկանական մասնագիտացված ծառայություն, հետևապես դրանում նախատեսվելու են «Ոստիկանությունում ծառայության մասին» օրենքով սահմանված ոստիկանական կոչումներ և հիմնական պաշտոններ, ինչպես նաև դրանց համապատասխանող՝ շարային ստորաբաժանումներին բնորոշ այլ պաշտոններ, օրինակ՝ գնդի, գումարտակի, վաշտի հրամանատարներ և այլն։ Ոստիկանության գվարդիայի հրամանատարը համատեղելու է նաև փոխոստիկանապետի պաշտոնը, ինչպիսի մոտեցում մենք արդեն ունենք Պարեկային ծառայության, Քրեական և համայնքային ոստիկանությունների գլխավոր վարչությունների պետերի դեպքում։

— Թերևս ամենաքննարկվող հարցը. պատերազմական իրավիճակում ի՞նչ գործառույթ է կատարելու գվարդիան:

— Ի տարբերություն ոստիկանության զորքերի, ոստիկանության գվարդիան չի ընդգրկվելու այլ զորքերի կազմում և պատերազմական իրավիճակում չի անցնելու զինված ուժերի ենթակայության տակ։ Այդուհանդերձ, սա չի նշանակում, որ գվարդիան մեկուսացված է լինելու ՀՀ պաշտպանության գործառույթից․ գվարդիան ունենալու է ՀՀ պաշտպանության գործառույթին աջակցության շատ ավելի թիրախային գործիքակազմ, որը թույլ կտա օգտակարության ավելի բարձր գործակից ապահովել։ Խոսքը մասնավորապես վերաբերում է զինված ուժերի և այլ զորքերի ստորաբաժանումների, ռազմական և այլ տեխնիկայի, բնակչության զանգվածային տեղաշարժի երթուղիների պահպանություն և պաշտպանություն, իսկ անհրաժեշտության դեպքում՝ նաև նրանց ուղեկցում իրականացնելուն։ Բացի այդ, որպես բացառիկ կանոն, սահմանվել է, որ անհրաժեշտության դեպքում ոստիկանության գվարդիան ռազմական դրության հայտարարված տարածքում իրականացվող պատերազմական գործողությունների շրջանակներում կկատարի նաև հատուկ առաջադրանքներ, ինչը կդրսևորվի իր պատրաստվածությանը և գործիքակազմին համահունչ։

— Հետաքրքիր է՝ ինչպիսի՞ տրանսպորտային միջոցներով են նրանք ծառայություն իրականացնելու:

— Ոստիկանության գվարդիան, որպես ոստիկանական գործառույթներ իրականացնող ծառայություն, օգտագործելու է ոստիկանական տրանսպորտային միջոցներ, որոնց հագեցվածությունը հարմարեցված կլինի կոնկրետ ստորաբաժանման կարիքներին։ Բացի այդ, ծառայության սպառազինության մեջ ընդգրկված կլինեն հատուկ միջոցներ և հատուկ տեխնիկա, օրինակ՝ զրահամեքենաներ, ջրանետեր և այլն, որոնք օրենքով սահմանված դեպքերում և կարգով կկիրառվեն անձանց իրավունքների և ազատությունների, ինչպես նաև հասարակության և պետության անվտանգության դեմ հնարավոր ոտնձգություններին արդյունավետ հակազդման նպատակով։ Ընդ որում, հատուկ տեխնիկան ոստիկանության գվարդիայի կողմից կարող է կիրառվել միայն հակաահաբեկչական և պատերազմական գործողություններին մասնակցելիս։ Այս լուծման հիմքում ևս հստակ սկզբունքներ կան։ Տրամաբանությունն այն է, որ օգտագործվող միջոցը պետք է համաչափ լինի իրավիճակին, այն բոլոր դեպքերում, երբ ողջամտորեն հնարավոր է օգտագործել ավելի նվազ միջամտության միջոցներ, պետք է լեգիտիմ լինի հենց դրանց կիրառումը։

— Ի վերջո, ի՞նչ ակնկալիք պետք է ունենա հանրությունը գվարդիայի ստեղծումով:

— Ոստիկանության գվարդիան հանդիսանալու է ոստիկանության չորս հենասյունային մասնագիտացված ծառայություններից մեկը, որն ընդհանուր առմամբ պատասխանատու է լինելու հասարակական կարգի պահպանության և հասարակական անվտանգության ապահովման համար։ Այս համատեքստում հանրության ակնկալիքները պետք է ուղղված լինեն հանրային միջոցառումների սպասարկման որակի և արդյունավետության բարձրացմանը, հավաքների ազատության իրավունքի արդյունավետ իրացմանը, ինչպես նաև ռազմական և արտակարգ դրության իրավական ռեժիմների շրջանակներում ներքին անվտանգության կայունության ապահովմանը։

Այս ակնկալիքները պրակտիկայում լիովին բավարարելու համար հետևողական ջանք է պահանջվում Կառավարությունից, որի հաստատակամ կամքն ու վճռականությունը կա։ Այս առանցքային նախաձեռնության հարցում մեզ համար կարևոր է նաև հանրային աջակցությունը, որովհետև փոփոխությունների կրողը հենց հանրությունն է, ուստի ցանկացած իրավիճակի առողջ և կառուցողական քննարկումը միայն և միայն օգուտ է հանրային անվտանգության երաշխավորմանը։

 

Աղբյուր՝ Արմենպրես

Լրահոս

Օրացույց

Դեկտեմբերի 2024
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031