ԵՄ-ի կողմից Հայաստանում արվող ներդրումները կհասնեն 2.5 միլիարդ եվրոյի. Վասիլիս Մարագոս

Եվրամիության կողմից Հայաստանում իրականացվող ներդրումները, որոնք արդեն իսկ տարբեր ծրագրերով ընթացքի մեջ են, վերջնարդյունքում հասնելու են 2.5 միլիարդ եվրոյի։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Սյունիքի մարզում լրագրողների հետ զրույցում այս մասին ասել է Հայաստանում Եվրամիության դեսպան Վասիլիս Մարագոսը՝ շեշտելով, որ դա շատ կարևոր հանձնառություն է, որ Եվրամիությունը ստանձնել է 2021 թվականից։

«Դրանք ծրագրեր են, որոնք արդեն իսկ իրագործվում են կամ նախապատրաստման փուլում են։ Օրինակ՝ Սիսիանից Քաջարան մայրուղին՝ թունելի հետ միասին, այս նախաձեռնությունների մաս է։ Դրանք ներդրումներ են, որոնք մենք կատարում ենք Եվրամիության բյուջեից, վարկերի տեսքով, որոնք Հայաստանի կառավարությունն է վերցնում, ինչպես նաև այլ գործընկերների կողմից արվող ներդրումները «Դիմակայուն Սյունիք, Թիմ Եվրոպա» նախաձեռնության շրջանակներում»,- ասել է Մարագոսը։

Դեսպանը մանրամասնել է, որ այդ 2.5 միլիարդ եվրոյի ներդրումների մաս են «Կանաչ Երևան» նախաձեռնությունը, Երևանի հանրային տրանսպորտի բարեփոխումների շրջանակներում ձեռք բերված MAN մակնիշի 87 ավտոբուսները, Երևանում 50 մանկապարտեզի վերանորոգումը, ինչպես նաև ներդրումները, որոնց նպատակն է բարելավել էլեկտրաէներգիայի հաղորդալարերը Հայաստանի և Վրաստանի միջև, որը շատ կարևոր է ՀՀ էլեկտրաէներգիայի շուկան բացելու առումով, որպեսզի ավելի կանաչ էներգետիկ նախաձեռնություններ և ներդրումներ լինեն երկրում։

«Հայաստանը շատ մեծ ներուժ ունի արևային ֆոտովոլտային վահանակների միջոցով էլեկտրաէներգիայի արտադրության ոլորտում, և տարածաշրջանի հաղորդակցությունների բացումը, որը խաղաղության գործընթացի շրջանակներում, հուսամ, տեղի կունենա, բազմաթիվ նոր հնարավորություններ կընձեռի։ Դրանք միայն հնարավորություններ չեն բիզնեսի համար, դրանք հնարավորություններ են հայ ժողովրդի համար, Հայաստանի տնտեսության համար, ինչպես նաև ավելի ու ավելի որակյալ աշխատատեղեր ստեղծելու համար»,- նշել է ԵՄ դեսպանը։

Մարագոսը շեշտել է, որ Եվրամիությունը ուս ուսի կանգնած է Հայաստանի կողքին, որպեսզի օգնի երկրին դառնալ ավելի դիմակայուն ու ավելի ինքնիշխան։

ՀՀ-ում ԵՄ դեսպանը նշեց նաև Հայաստանում Եվրամիության դիտորդական առաքելության դերը՝ Հարավային Կովկասում խաղաղության հաստատման և Հայաստանի ու Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործում։

Լրահոս

Օրացույց

Հոկտեմբերի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031