Մեկնարկել է «Ոսկե ծիրան» 21-րդ միջազգային կինոփառատոնը

Երևանի «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնն ավելի քան քսան տարի իր հյուրընկալ հարկի տակ է համախմբում աշխարհահռչակ կինոգործիչների, Կաննի, Բեռլինի, Վենետիկի և այլ հեղինակավոր կինոփառատոններում հաղթած ֆիլմեր, օսկարակիր կինոնկարներ և հարթակ դառնում կինոարվեստ նոր մուտք գործող երիտասարդների համար:

21-րդ «Ոսկե ծիրան»-ը, որն անցկացվում է հուլիսի 7-14-ը, մեկնարկեց Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում:

Փառատոնի կարմիր գորգին փոխարինել էին արվեստագետ Դավիթ Քոչունցի դիզայնի հիման վրա տեղացի գորգագործ վարպետների ձեռքերով պատրաստած գորգերը, որոնք նոր շունչ էին հաղորդել հանդիսավոր արարողությանը:

Փառատոնի բացումը վստահված էր կանադահայ ռեժիսոր Ատոմ Էգոյանի «Յոթ քող» նոր ֆիլմին, որի պրեմիերան կայացել է 2023-ին Տորոնտոյի կինոփառատոնում: Ֆիլմը Ռիխարդ Շտրաուսի «Սալոմե» օպերայի կլանիչ և վառ պատկերային վերաիմաստավորումն է, որտեղ Ամանդա Սեյֆրիդը փայլում է թատերական մի ռեժիսորի դերում, որը ջանում է կյանքի կոչել Սալոմեի աստվածաշնչյան պատմության սեփական մեկնությունը։

Մինչ ֆիլմի ցուցադրությունը Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը շեշտեց, որ վերջին տարիներին Երևանը հարուստ է մշակութային միջոցառումներով, որոնք մայրաքաղաքը կյանքով ու լավ բույրով են լցնում։ «Այս միջոցառումների շարքում «Ոսկե ծիրան»-ը հնաբնակ է և 21-րդ անգամ է մեզ համախմբում։ Ես շնորհակալ եմ այն մարդկանց, որոնք անտրտունջ աշխատում են, ջանք ու եռանդ չեն խնայում, որ փառատոնը կայանա»,- նշեց Ավինյանն ու կարևորեց հյուրերի մասնակցությունը փառատոնին։ Նա ողջունեց կրկնակի օսկարակիր ռեժիսոր Ալեքսանդր Փեյնին, ամբողջ աշխարհում Փարաջանովի դեսպան համարվող ռեժիսոր Տարսեմ Սինգհին, կինոյի աշխարհում Հայաստանի դեսպան Ատոմ Էգոյանին, թատրոնի և կինոյի աշխարհահռչակ դերասան, օսկարակիր Քևին Սփեյսիին։

Ավինյանը հիշեցրեց, որ նախորդ տարի հայտարարել է՝ քաղաքապետարանն ակտիվ է լինելու կինոարտադրության ոլորտում։ Նա տեղեկացրեց, որ իրենց ջանքերով նկարահանվել է Երևանի մասին պատմող հինգ կարճամետրաժ ֆիլմ, որոնք ցուցադրվելու են փառատոնին։

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանի խոսքով՝ «Ոսկե ծիրան»-ը դարձել է երևանյան ամռան անբաժանելի մասը։ «Կինոփառատոնի մասին զրույցները սկսվում են վաղ և շարունակվում են փառատոնից հետո, ինչը ցույց է տալիս, թե ինչքան կարևոր է այդ հարթակը կինոմշակույթի համար, և մեզ համար պատիվ է լինել փառատոնի կողքին։ Առավել քան վստահ ենք, որ կինոն զարգանալու է մեր երկրում, որովհետև վերջին տարիների օրենսդրական փոփոխություններով նոր հնարավորություններ են ստեղծվում։ Հատկապես ուզում եմ շեշտել համատեղ կինոարտադրության մեծ հնարավորությունները, որ ստեղծվել են կինոյի մասին օրենքի ընդունմամբ ու համատեղ կինոարտադրության ոլորտում ներդրումների մասնակի վերադարձի հնարավորությամբ։ Սա հրաշալի նախապայման է, որ մեր երկրում զարկ ստանան հեռանկարային համատեղ կինոնախագծերը, որոնք կստանան պետության աջակցությունը»,- շեշտեց Անդրեասյանն ու հավելեց՝ փառատոնին սպասվում են շատ հետաքրքիր օրեր, որոնց ընթացքում հնարավոր կլինի հանդիպել ականավոր հյուրերի, իսկ նրանց խոսքը հարստացնելու է բոլորին։

Նա ընդգծեց, որ դժվար ժամանակներում ենք ապրում, իսկ դժվար ժամանակները նաև դժվար խոսակցությունների համար են, որոնց ամենալավ միջոցն արվեստն է, իսկ կինոն կօգնի խոսել այն ամենի մասին, ինչի մասին խոսելու այլ ձև ու լեզու դեռ չեն գտել։

«Ոսկե ծիրան» կինոփառատոնի գեղարվեստական տնօրեն Կարեն Ավետիսյանն իրեն երջանիկ է համարում, որ փառատոնի ժամանակակիցն է։ «Փառատոնն իր հերթին իր հարաբերություններն ունի ավելի մեծ երևույթների հետ՝ հավիտենության, ժամանակի, ապագայի պատմության»,-ասաց նա և հիշեցրեց, որ ավանդույթ է դարձել փառատոնի շրջանակում կինոյում ունեցած անգնահատելի ավանդի համար «Փարաջանովյան թալեր» հանձնելը պատվավոր հյուրերին։ Ավետիսյանը թալերը հանձնեց Քևին Սփեյսիին։ Մինչ արտիստի բեմ բարձրանալը էկրանին ցուցադրվեցին հատվածներ նրա լավագույն ֆիլմերից՝ ներկայացնելով Սփեյսիի անցած երկար ճանապարհը։

Սփեյսին մեծ պատիվ համարեց պատվարժան կինոգործիչների հետ փառատոնին մասնակցելը։ Նա շնորհակալություն հայտնեց փառատոնի կազմակերպիչներին, որ բացումը հենց հուլիսի 7-ին են նախաձեռնել, մի բացառիկ օր, երբ անգամ ռեստորանում ջուր պատվիրելն անվտանգ չէ, քանի որ Վարդավառ է։ Ավելի վաղ Սփեյսին նշել էր, որ օրվա ընթացքում իրեն ջրել են։ Անդրադառնալով մրցանակին՝ նա շեշտեց՝ երբ դիտեց հատվածներ իր ֆիլմերից, հիշեց ռեժիսորներին, սցենարիստներին, ամբողջ ստեղծագործական խմբին, մարդկանց, որոնց հետ աշխատել է։ «Ինձ պատվելով՝ պատվում եք այն մարդկանց, որոնք նպաստել են այդ ֆիլմերի նկարահանմանը, որոնք գլխիվայր փոխել են իմ կյանքը»,- ընդգծեց դերասանն ու շնորհակալություն հայտնեց ջերմ ընդունելության համար։

Երևանի կոնյակի գործարանի տնօրեն Սերգեյ Խաչատրյանն էլ Շառլ Ազնավուրի 100-ամյակին նվիրված կոնյակ հանձնեց Ատոմ Էգոյանին, որի «Արարատ» ֆիլմում նկարահանվել է Ազնավուրը։ «Երբ երեխա էի, լսում էի Ազնավուրի երգերը, որովհետև ծնողներս նրան շատ էին սիրում։ Ես շատ լարված էի, նյարդայնացած, երբ պետք է առաջին անգամ նրան հանդիպեի ու հրավիրեի իմ ֆիլմում խաղալու։ Հիշում եմ՝ Ազնավուրն ասաց, որ կարևորում է մեր պատմությունն արտասովոր ներկայացնելը, քանի որ մեր պատմությունն ինքնին արտասովոր է։ Ես երբեք չեմ մոռանա Կաննի կինոփառատոնում անցկացրած պահերը, այդ գեղեցիկ անձնավորությանը»,- ասաց Էգոյանը, որին փառատոնի հիմնադիր նախագահ Հարություն Խաչատրյանն էլ «Փարաջանովյան թալեր» հանձնեց։ «Ատոմ Էգոյանը 12 տարի չէր եղել փառատոնին։ Մենք՝ փառատոնի համահիմնադիրներ Միքայել Ստամբոլցյանը, Սուսաննա Հարությունյանը և ես, որոշել էինք հիմնադրել փառատոն, և մեզ ասում էին, որ փառատոնը հարկավոր չէ, քանի որ չկա կինո, չկան կինոթատրոններ և այլն, բայց այն հիմնադրվեց, որի առաջին մրցանակը ստացավ մեր սիրելի կինոռեժիսորը՝ Ատոմ Էգոյանը»,- ասաց Խաչատրյանը։

Ցուցադրվեցին դրվագներ Ատոմ Էգոյանի ֆիլմերից, որոնցում նրա սիրելի տիկինն էր՝ Արսինե Խանջյանը։ Էգոյանը խոստովանեց, որ իր յուրաքանչյուր աշխատանք իր հոգու՝ Արսինե Խանջյանի հետ է, իսկ թալեր ստանալը երազի պես բան է։

Ելույթներից և «Փարաջանովյան թալեր»-ների հանձնման արարողությունից հետո բեմ բարձրացան փառատոնի հիմնադիրներ Հարություն Խաչատրյանը, Սուսաննա Հարությունյանը, Միքայել Ստամբոլցյանը, փառատոնի ավանդույթները լավագույնս շարունակող Կարեն Ավետիսյանը և ազդարարեցին 21-րդ «Ոսկե ծիրան»-ի մեկնարկը։

Երևանի 21-րդ միջազգային «Ոսկե ծիրան» կինոփառատոնը հանրությանը կներկայացնի մրցութային ֆիլմեր աշխարհի տարբեր երկրներից, ինչպես նաև ֆիլմեր ամենահեղինակավոր Կաննի, Բեռլինի և այլ փառատոններից: Ֆիլմերի ցուցադրությունները կազմակերպվելու են Կինոյի տանը, Մալյանի անվան թատրոնում և «Մոսկվա» կինոթատրոնում: Փառատոնն առանձնահատուկ անդրադարձ կկատարի երկու մեծությունների՝ Շառլ Ազնավուրի և Սերգեյ Փարաջանովի 100-ամյա հոբելյաններին:

Լրահոս

Օրացույց

Սեպտեմբերի 2024
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30