Ինչպես հայտնի է, հոկտեմբերի 20-ին ձերբակալված Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանը կալանավորվել է 2 ամսով:
Քաղաքապետի պարտականությունները կկատարի փոխքաղաքապետը՝ Վարդան Ղուկասյանի փեսան՝ Ավետիս Առաքելյանը (լուսանկարում՝ Վարդան Ղուկասյանի աջ կողմում նստածը):
«Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղար Կարեն Մալխասյանն ասաց՝ օրենքով սահմանված կարգով քաղաքապետի պարտականությունները կկատարի առաջին փոխքաղաքապետը:
Մալխասյանը նաև տեղեկացրեց՝ գործադուլ չկա:
«Գործադուլ չկա, բոլորը նորմալ եկել են աշխատանքի սովորական ժամին, աշխատասենյակներում են, որևէ խնդիր չկա»,- հավաստիացրեց աշխատակազմի քարտուղարը:
Հիշեցնենք՝ Գյումրի համայնքի մի խումբ պաշտոնատար անձանց կողմից խոշոր չափերով կաշառք ստանալու, վերջիններիս կաշառք տալու մեղադրանքներով հոկտեմբերի 20-ին ձերբակալվել էր 8 անձ, այդ թվում՝ Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանն ու քաղաքապետարանի գլխավոր ճարտարապետը:
Ոստիկանական գործողությունների ժամանակ բախումներ էին եղել Ղուկասյանի աջակիցների ու ոստիկանների միջև:
Բացի այդ՝ Վարդան Ղուկասյանի համակիրները ծակել էին ոստիկանության մեքենայի անիվները: Գյումրիում զանգվածային անկարգություններին մասնակցելու վարույթի շրջանակներում 33 անձ է ձերբակալվել:
Վարդան Ղուկասյանը ձերբակալվելուց հետո տեղափոխվել էր Հակակոռուպցիոն կոմիտե։