Սպիտակ տանը մտավախություն ունեն, որ Նեթանյահուն կարող է խափանել Գազայի խաղաղության համաձայնագիրը․ NYT

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը մտավախություն ունի, որ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն կարող է ձախողել ամերիկացի առաջնորդի կողմից առաջարկված Գազայի վերաբերյալ խաղաղության ծրագիրը, գրում է The New York Times թերթը։

Մի քանի պաշտոնյաներ պարբերականին հայտնել են, որ ամերիկյան «վարչակազմում մտավախություններ կան, որ Նեթանյահուն կարող է չեղարկել գործարքը»։ Վաշինգտոնի ռազմավարությունն այս պահին կայանում է նրանում, որ Թրամփի հատուկ ներկայացուցիչ Սթիվեն Ուիթքոֆի, ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի և ամերիկացի նախագահի փեսա Ջարեդ Քուշների միջնորդությամբ Իսրայելի վարչապետին թույլ չտան «շարունակել պաղեստինյան արմատական ՀԱՄԱՍ շարժման վրա լայնամասշտաբ հարձակումը»։

Պարբերականը նշում է, որ հրադադարի շուրջ քննարկումների համար Կահիրեում հավաքվել են մի քանի արաբական երկրներից բանակցողներ, որոնք օգնել են միջնորդել գործարքին: Ավելին, ամերիկյան իշխանությունները համագործակցում են Թուրքիայի հետ՝ անկլավում սպանված պատանդների մարմինները որոնող խումբ ստեղծելու համար:

Հոկտեմբերի 9-ին Թրամփը հայտարարել է, որ Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի ներկայացուցիչները պայմանավորվածություն են ձեռք բերել ծրագրի առաջին փուլի շուրջ, որը ենթադրում է Գազայի հատվածում պահվող բոլոր պատանդների ազատ արձակում և իսրայելական զորքերի դուրսբերումը պայմանավորված դիրքեր։ Հոկտեմբերի 10-ի գիշերը Նեթանյահուի գրասենյակը տեղեկացրել է, որ կառավարությունը հաստատել է բոլոր պատանդներին ազատելու գործարքը։ Հատվածում հրադադարի մասին համաձայնագիրն ուժի մեջ է մտել հոկտեմբերի 10-ին։

Կիրակի օրը Իսրայելի բանակը հայտարարել է պաղեստինյան արմատականների կողմից հրադադարի ռեժիմի խախտման մասին՝ տեղեկացնելով անկլավի հարավում գտնվող Ռաֆահ քաղաքի շրջանում տեղի ունեցած միջադեպի մասին, որտեղ գնդակոծվել են իսրայելցի զինվորականները։ Նեթանյահուն հրադադարի ռեժիմը խախտելու մեջ մեղադրել է ՀԱՄԱՍ շարժմանը և ԶՈւ-ին ցուցում է տվել «միջոցներ ձեռնարկել» արմատականների դեմ։ Դրանից հետո բանակը մի շարք հարվածներ է հասցրել ամբողջ անկլավում՝ հարձակվելով տասնյակ թիրախների վրա։ Ավելի ուշ իսրայելական կողմը պարզաբանել է, որ Ռաֆահում առավոտյան տեղի ունեցած միջադեպի հետևանքով զոհվել է երկու զինվոր, ևս մեկը ծանր վիրավորվել է։ ՀԱՄԱՍ-ի ներկայացուցիչները հերքում են Ռաֆահում տեղի ունեցածի մեջ իրենց մասնակցությունը։

Լրահոս

Օրացույց

Հոկտեմբերի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031