Հաշվի առնելով Գյումրի համայնքի մի խումբ պաշտոնատար անձանց կողմից կաշառք ստանալու, վերջիններիս կաշառք տալու, ինչպես նաև նույն պաշտոնատար անձանց կողմից խմբի կազմում լիազորությունները չարաշահելու դեպքերի առթիվ նախաձեռնված քրեական վարույթով հանրային մեծ հնչեղությունն ու լրատվամիջոցների հարցումները՝ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեն տեղեկացնում է, որ ձերբակալված ութ անձանցից հինգի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ միջնորդություններ են ներկայացվել դատարան:
Համայնքի ղեկավարի նկատմամբ ընտրվել է կալանք, կաշառք տվողներից մեկի նկատմամբ՝ տնային կալանք, իսկ մյուսների մասով քննությունը շարունակվում է։ Պաշտոնատար անձանց մասով կայացվել են նաև պաշտոնավարումը կասեցնելու մասին որոշումներ։
Այս մասին տեղեկացնում են Հակակոռուպցիոն կոմիտեից:
«Ինչ վերաբերում է մամուլում հայտնված այն պնդումներին, թե Գյումրի համայնքի ղեկավարի մասնակցությամբ հրապարակված ձայնագրությունները կեղծ են և չեն առնչվում նրա անձի հետ, ապա Հակակոռուպցիոն կոմիտեն հարկ է համարում պարզաբանել, որ Գյումրի համայնքի ղեկավարն իր ցուցմունքում ո՛չ հերքել, ո՛չ հաստատել է տվյալ բովանդակությամբ զրույց ունենալու հանգամանքը, ավելին՝ տվյալներ չի հայտնել ձայնագրություններում իր ձայնը կեղծված կամ փոխված լինելու մասին՝ խոսակցության վերաբերյալ ներկայացնելով սեփական պարզաբանումներն ու մեկնաբանությունները։
Բացի դրանից՝ քրեական վարույթի շրջանակներում հարցաքննված մի շարք անձինք տվել են խոստովանական ցուցմունքներ՝ հաստատելով օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ստացված փաստական տվյալների հավաստիությունը։
Քրեական վարույթով նախաքննությունը շարունակվում է»,- ասվում է հաղորդագրությունում։
Հիշեցնենք՝ Գյումրի համայնքի մի խումբ պաշտոնատար անձանց կողմից խոշոր չափերով կաշառք ստանալու, վերջիններիս կաշառք տալու մեղադրանքներով ձերբակալվել է 8 անձ, այդ թվում՝ Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանն ու քաղաքապետարանի գլխավոր ճարտարապետը:
Ոստիկանական գործողությունների ժամանակ բախումներ են եղել Ղուկասյանի աջակիցների ու ոստիկանների միջև:
Բացի այդ՝ Վարդան Ղուկասյանի համակիրները ծակել են ոստիկանության մեքենաների անիվները:
Դիմակավորված ուժայինները, հատուկ գործողություն իրականացնելով, Գյումրիի քաղաքապետարանի հետնամուտքից դուրս հանել, ձերբակալել ու տարել են քաղաքապետ Վարդան Ղուկասյանին։ Նրան տեղափոխել են Երևան՝ Հակակոռուպցիոն կոմիտե։