Հայաստանն ունի խաղաքարտեր, որոնք դեռ ամբողջությամբ չի խաղարկել. ֆրանսիացի քաղաքագետի հարցազրույցը

Հարավային Կովկասի ներկա աշխարհաքաղաքական դրությունն ու զարգացումները, տարածաշրջանի և տարածաշրջանից դուրս ուժերի մրցակցությունը, երբեմն՝ առճակատումը, միջազգային հանրության և մասնագետների ուշադրության կենտրոնում են։ Ինչպե՞ս են գնահատում տարածաշրջանում առկա իրավիճակը օտարերկրացի քաղաքագետները, ինչպե՞ս են մեկնաբանում Հարավային Կովկասում մասնավորապես Ռուսաստանի, Թուրքիայի, Իրանի, Արևմուտքի, Իսրայելի և այլոց գործողություններն ու նպատակները։

Բրյուսելում «Արմենպրես»-ի թղթակցին տված հարցազրույցում աշխարհաքաղաքականության ֆրանսիացի մասնագետ, Փարիզի քաղաքագիտական ֆակուլտետի դասախոս Ֆրեդերիկ Անսելն անդրադարձել է Հարավային Կովկասում ընթացող գործընթացներին, վերլուծել իրավիճակն ու հետագա հնարավոր զարգացումները։ Անսելի խոսքով՝ թեպետ այսօր աշխարհաքաղաքական կոնյուկտուրայում Հարավային Կովկասը հետաքրքիր է, բայց այն շատ հեռու է կենտրոնական կամ կարևոր լինելուց։ «Այսօր գլոբալ հիմնական խնդիրները Հնդկա-խաղաղ օվկիանոսյան տարածաշրջանում են, ինչ-որ չափով Մերձավոր Արևելքում, գուցե նաև Քաշմիրը, Աֆրիկայի որոշ տարածքներ հավելենք: Բայց պարզ է, որ Կովկասն այս պահին առաջնահերթություն չէ խոշոր խաղացողների համար և այդպիսին չի դառնա։ Հարավային Կովկասում միջուկային հարց ամեն դեպքում չկա, կան իրացվող բնական ռեսուրսներ, հիմնականում բավականին թույլ։ Ադրբեջանում կա բնական գազ և դեռ մի քիչ նավթ, բայց Վրաստանում և Հայաստանում՝ գրեթե բացակայում են վաճառվող ռեսուրսները։ Շատ փոքր ժողովրդագրության հետ գործ ունենք։ Այստեղ, գուցե, մտածենք Իրանի մասին, որը, իհարկե, տարածաշրջանային տերություն է: Թուրքիան, այո, բայց միայն ՆԱՏՕ-ի շրջանակներում։ Եթե մի օր Թուրքիան դուրս գա ՆԱՏՕ-ից, ես իրականում չեմ տեսնում, թե ինչպես այն կհամարվի իրական տերություն։ Ռուսաստանը, այո… բայց Ռուսաստանին ավելի շատ հետաքրքրում է Հյուսիսային Կովկասը, հատկապես այն, ինչ կատարվում է արմատական ​​իսլամիզմի առումով»,- մանրամասնեց քաղաքագետը։

Խոսելով տարածաշրջանում առկա պառակտումների և պայթունավտանգ իրավիճակների մասին՝ քաղաքագետ Անսելը նշեց, որ ամենադժվար պառակտումը Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի միջև է։ Ըստ քաղաքագետի՝ մեկ այլ շատ ավելի զուսպ պառակտում է Թուրքիայի և Իրանի միջև Մեղրիի միջանցքի հարցը։ «Իրանը չի ընդունում և, ըստ իս, բացարձակապես երբեք չի ընդունի թուրքական շարունակականությունն այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքով», ինչպես ցանկանում են Թուրքիան և Ադրբեջանը։ Ռուսաստանն էլ Կովկասում Վրաստանի և Հայաստանի հետ ցանկանում է պահպանել ռեժիմներ կամ ձեռք բերել իր համար բավականին բարենպաստ և իրեն ենթակա ռեժիմներ», — ասաց քաղաքագետը՝ հավելելով, որ Ռուսաստանի այս քաղաքականությունն էլ խթանում է որոշ արտաքին ուժերի հետաքրքրվածությունը Հարավային Կովկասի նկատմամբ։ «Օրինակ, Ֆրանսիան ավելի ու ավելի ամուր և ավելի ու ավելի ռազմական աջակցություն է ցուցաբերում Հայաստանին հին ավանդույթի հիման վրա, որը սկիզբ է առել 1915 թվականի Ցեղասպանությունից, գուցե, նույնիսկ ավելի վաղ։ Միացյալ Նահանգները, որ Ջո Բայդենի ձայնով ճանաչել է 1915 թվականին օսմանյան թուրքերի կողմից իրականացված Հայոց ցեղասպանությունը։ Ցանկությունը մեկն է՝ թուլացնել Ռուսաստանին, հատկապես Ուկրաինայի վրա նրա հարձակումից հետո»։

Ֆրեդերիկ Անսելը Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած էթնիկ զտումները և դրան հաջորդած իրավիճակը գնահատում է որպես առկա թաքնված պատերազմական վիճակ՝ Ադրբեջանի կողմից ճնշող պատասխանատվությամբ, որն ակնհայտորեն ցանկանում է ավելի հեռուն գնալ Թուրքիայի մեղսակցությամբ։ «Հայաստանի վիճակը թղթի վրա աղետալի է։ Բայց ես նրանցից եմ, ովքեր երկար ժամանակ զբաղվում են աշխարհաքաղաքականությամբ՝ ֆրանսիացի պատմաբան Ֆերնան Բրոդելի տեսությամբ։ Անիմաստ է վերլուծել իրավիճակը որոշակի ժամանակի շրջանակներում՝ մտածելով, թե խաղի ավարտին Հայաստանը կամ Ադրբեջանը կհաղթեն մեկ շաբաթում, 2 շաբաթում, մեկ ամսում, 2 ամսում։ Նման հաշվարկներն ու վերլուծություններն անիմաստ են: Հակամարտության մասին մենք պետք է մտածենք շատ ավելի երկար ժամանակի ընթացքում, և այս տեսանկյունից Հայաստանն ունի խաղաքարտեր, որոնք դեռ ամբողջությամբ չի խաղացել։ Ընդհակառակը, Ադրբեջանն ու Թուրքիան այդ առումով ունեն կառուցվածքային լուրջ թուլություններ, որոնք դեռ իրականում չեն արտահայտվել, բայց կարող են փոփոխել ուժերի հարաբերակցությունը», — կարծում է քաղաքագետը։

Ֆրեդերիկ Անսելն իր վերջին՝ «Ուժի ուղիները. Աշխարհաքաղաքականությունը XXI դարում» գրքում կարևորում է աշխարհագրությունը միջազգային քաղաքականության մեջ: Խոսում է Հայաստանի մասին և ասում, որ Մեղրին աշխարհագրորեն գրավիչ և կենսական նշանակություն ունի Հայաստանի համար և հանդիսանում է Հայաստանի կարևոր ուժը։ Հարցին, թե ինչ կլինի, եթե ադրբեջանա-թուրքական տանդեմին, որն ամեն գնով փորձում է չեզոքացնել այդ ուժը՝ պահանջելով այսպես կոչված «Զանգեզուրի միջանցք», հաջողվի ձեռք բերել այն, քաղաքագետը պատասխանեց, որ այդ հիպոթեզին չի հավատում։ «Արցախի պարագան ուրիշ էր, 1920-ականներին Ստալինը ստեղծեց պայմաններ, որոնք երաշխավորում էին, որ վեճի իրական տեղ կա։ Դա այդպես չէ ինքնիշխան Հայաստանի Հանրապետության դեպքում՝ իր միջազգայնորեն ճանաչված 1991 թվականի սահմաններով։ Թուրքիան բացարձակապես չի ցանկանում դուրս մղվել ՆԱՏՕ-ից, դա միանշանակ է, ես դրանում միանգամայն համոզված եմ, ուստի նա ոչ մի կտրուկ քայլ չի անի այս հարցում։ Ադրբեջանն էլ պարտավորված չէ նման նկատառումներով։ Ավելին, նրա վարչակարգը չափազանց ավտորիտար և ընտանեկան է, եթե ոչ անհատական, ինչը չի կարելի ասել Թուրքիայի մասին՝ չնայած Էրդողանի կողմից շատ ուժեղ ավտորիտար ճնշումներին։ Այստեղ մենք այլ օրինաչափության վրա ենք: Եթե ​​Ադրբեջանը ռազմական միջամտություն իրականացնի ինքնիշխան մի երկրում, կհայտնվի շատ կոշտ քննադատության տակ ոչ միայն Եվրամիության, այլ նաև պետությունների մեծ մասի կողմից, այդ թվում ՝ Իրանի կողմից։ Կարծում եմ՝ Ադրբեջանը չի կարող իրեն թույլ տալ դա։ Ռուսաստանի վրա շատ թանկ է նստում ներխուժումն Ուկրաինա, բայց այն դեռ դիմանում է (ինչո՞ւ, որովհետև Ռուսաստանն ունի նավթի և բնական գազի առաջին պաշարներն աշխարհում, և որ նրա վրա չի կարելի հարձակվել իր միջուկային զինանոցի պատճառով), բայց դա բացարձակապես այդպես չէ Ադրբեջանի դեպքում», — ասաց աշխարհաքաղաքականության մասնագետը։

Խոսելով Հայաստան-Ադրբեջան, Հայաստան-Թուրքիա հարաբերությունների հնարավոր կարգավորման մասին՝ Ֆրեդերիկ Անսելը նշեց․ «Միանգամայն համաձայն եմ այն խոսքի հետ, թե վատ խաղաղությունն ավելի լավ է, քան պատերազմը, հատկապես, երբ ուժերի հարաբերակցությունը բարենպաստ չէ։ Եվս մեկ անգամ չմոռանանք ժամանակային չափումը։ Երբ օբյեկտիվորեն շատ դժվար իրավիճակում ես, ո՞վ է քեզ ասում, որ տակտիկապես հետաքրքիր չէ հիմա նահանջել, որպեսզի հետո գնաս առաջ, երբ ուժերի հարաբերակցությունը փոխվի։ Կարծում եմ՝ հենց սա է ստրատեգի և մարտավարի տարբերությունը։ Եթե այսօր Հայաստանը թույլ է, ապա Ադրբեջանն այդքան էլ ուժեղ չէ։ Այսօր Ադրբեջանի խնդիրն, անկասկած, մոտակա մի քանի տարիների համար է։ Շատ ավելի հեռուն կգնամ և կասեմ, որ դա խնդիր է, որը վերաբերում էր Հայաստանին 1994 թվականի հաղթանակից հետո՝ մի տեսակ ինքնագոհություն 94-ի հաղթարշավի վերաբերյալ: Իհարկե, պատմության մեջ նման դեպքեր շատ կան», — ասաց Անսելը՝ նշելով, որ կարծելը, թե մեկ-երկու անգամ հաղթել ենք, ուրեմն միշտ հաղթելու ենք, մեզ ծուղակն է գցելու։

Նրա խոսքով՝ ռազմավարական առումով Հայաստանի համար այսօր կարևոր է վերականգնել իր ուժերը՝ սպասելով ուժերի ավելի լավ հավասարակշռության։

Հարցին, թե ինչպես է մեկնաբանում, որ Ֆրանսիան և հայ-ֆրանսիական ռազմական համագործակցությունն ադրբեջանական իշխանությունների թիրախում են և սպառնալիքների ալիք են բարձրացրել, Ֆրեդերիկ Անսելը պատասխանեց, որ անհեթեթություն է Հայաստանին մեղադրել նրա համար, որ ցանկանում է պաշտպանվել, հատկապես պատերազմում պարտվելուց հետո։

«Ադրբեջանը վերջին տասնամյակների ընթացքում զանգվածաբար ներկրել է բավականին վտանգավոր զենքեր, որոնք կիրառվեցին 2020 թվականին։ Հետևաբար, ես այնքան էլ լավ չեմ հասկանում, թե ինչու պետք է նսեմացնենք Հայաստանի պաշտպանվելու իրավունքը: Կարծում եմ, որ պատերազմի համար պայմաններ ստեղծելը զենք ձեռք բերելը չէ։ Հայաստանը իրավացի է, որ ուզում է փոխել դաշինքները: Կարծում եմ, որ այն պետք է շրջվի դեպի Ֆրանսիա և ԱՄՆ, քանի որ այլընտրանք չունի, որովհետև Ռուսաստանը 2020 թվականին ցույց տվեց, որ երկակի խաղ է խաղում»,-եզրափակեց Ֆրեդերիկ Անսելը՝ նշելով, որ Հայաստանի աշխարհաքաղաքական ապագան կախված է Արևմուտքից, այդ թվում՝ Ֆրանսիայից։

Քաղաքագետն անդրադարձավ նաև Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորման հարցում Թուրքիայի դերակատարությանը և նշեց, որ Թուրքիան կեղծ պարադոքսով պետք է կառուցողական դեր խաղա, քանի որ շատ բան ունի կորցնելու թե՛ ԱՄՆ-ի, թե՛ ՆԱՏՕ-ի, թե՛ Եվրամիության հետ հարաբերություններում, եթե ինչ-որ բան այն չանի հայ-ադրբեջանական վեճի համատեքստում։

Լրահոս

Օրացույց

Հուլիսի 2024
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031