Արարատ Միրզոյանն ընդգծել է լիտվացի գործընկերոջ ներդրումը ՀՀ-ԵՄ հարաբերությունների խորացման գործում

Հայաստանի Հանրապետության արտգործնախարար Արարատ Միրզոյանն իր գոհունակությունն է հայտնել Լիտվայի հետ առկա բազմաշերտ և հարուստ օրակարգի առումով՝ ընդգծելով նաև իր լիտվացի գործընկերոջ կողմից ներդրվող ջանքերն ինչպես երկու երկրների, այնպես էլ ՀՀ-ԵՄ հարաբերությունների խորացման գործում։

Այս մասին արտգործնախարար Արարատ Միրզոյանը հայտարարեց Լիտվայի արտաքին գործերի նախարար Գաբրիելիուս Լանդսբերգիսի հետ համատեղ մամուլի ասուլիսի ընթացքում։

Արարատ Միրզոյանը, շնորհակալություն հայտնելով լիտվացի գործընկերոջը ջերմ ընդունելության համար, նշեց, որ ուրախ է նորից այցելել Լիտվա, որտեղ վերջին անգամ եղել է 2021 թվականին՝ Ազգային ժողովի նախագահի պաշտոնում։

«Մեր երկրները վայելում են ամուր ընկերություն և համագործակցություն՝ հիմնված համերաշխության, ընդհանուր արժեքների և մեր քաղաքացիների համար կայուն բարգավաճման նպատակների վրա», — ասաց նախարարն՝ իր գոհունակությունը հայտնելով այն առումով, որ երկու երկրների միջև փոխայցելությունները անցել են ակտիվ, ընդգրկուն, շարունակական և զարգացող գործընկերության մթնոլորտում։

Նա նշեց, որ իր լիտվացի գործընկերոջ հետ վերահաստատել են երկկողմ կապերը խորացնելու հանձնառությունն՝ անդրադառնալով երկկողմ օրակարգի մի շարք հարցերի, այդ թվում՝ տնտեսության, բարձր տեխնոլոգիաների, էներգետիկայի, զբոսաշրջության, մշակույթի և կրթության ոլորտներին։

«Ես կցանկանայի նաև ընդգծել իմ գործընկերոջ (խմբ․ նկատի ունի Լիտվայի ԱԳ նախարար Գաբրիելիուս Լանդսբերգիսին) անձնական ներդրումը ոչ միայն մեր երկկողմ հարաբերությունների, այլև Հայաստանի և ԵՄ-ի միջև հարաբերությունների խորացման գործում»,- ընդգծեց Միրզոյանը՝ հավելելով, որ կողմերն, իհարկե, գիտակցում են միջխորհրդարանական համագործակցության կարևոր ներդրումը երկու երկրների միջև կապերի խորացման գործում:

Լրահոս

Օրացույց

Սեպտեմբերի 2024
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30