Ինքնագլորներով երթևեկության քաոտիկ իրավիճակները կհաղթահարենք անհրաժեշտ կարգավորմամբ․ վարչապետ

Կառավարությունը կանոնակարգում է ինքնագլորների երթևեկության կանոնները։

ՆԳ փոխնախարար Արփինե Սարգսյանը Կառավարության նիստի ժամանակ հայտնեց, որ ինքնագլորներ կարող են վարել 18 տարին լրացած անձինք կամ 16 տարեկան անձինք, որ ունեն AM ենթակարգի տրանսպորտային միջոց վարելու իրավունք։

«Ինքնագլորները կարող են վարել հեծանվային գոտիներում, երթևեկելի գոտու աջամասային տարբերակում։ Առաքում իրականացնելիս հեծանվով ու մոպեդներով երթևեկողները պետք է սաղավարտ կրեն, իսկ արագությունը 20 կմ/ժ է սահմանված։ Երկու դեպք կարող ենք ունենալ․ կա՛մ ունենում են սեփական ինքնագլորներ, կա՛մ վարձակալությամբ տարբեր ընկերությունների կողմից։ Պետք է ունենան ստուգաչափման սարքեր հատկապես ղեկով կառավարվող ինքնագլորների դեպքում»,- ասաց նա։

Վերջինիս խոսքով՝ երթևեկության կանոնները խախտելու դեպքում նախատեսվում է նաև վարչական պատասխանատվություն. «Խոսքը ինքնագլորների կանոնները խախտելու համար անպայման պատասխանատվության ենթարկելու մասին չէ, այլ շատ կարևոր է ձևավորել մշակույթ, որ թույլ կտա կանոնակարգված երթևեկություն ապահովել՝ հաշվի առնելով այդ միջոցների տարածվածությունը»։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ նկատեց, որ այս ոլորտում քաոտիկ իրավիճակ է, և այն անհրաժեշտ է կարգավորման․ «Որովհետև մի կողմից խրախուսում ենք մեր իրականության մեջ այլընտրանքային տրանսպորտների կիրառումը, բայց պետք է իրատեսական հնարավորություններ ստեղծենք ու կարգավորենք, որպեսզի խնդիրներ չառաջանան։ Քաոտիկ իրավիճակները կհաղթահարենք»։

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն էլ շեշտեց, որ անհրաժեշտ է քննարկել ապահովագրության հարցը․ «Պետք է այդ հարցը դրվի կազմակերպիչների առջև, քանի որ սա նաև երրորդ անձանց պատճառված վնասների աղբյուր է։ Դա նաև կբերի նրան, որ կազմակերպիչները ամեն ինչ անեն, որպեսզի երթևեկությունն անվտանգ լինի, իրենք կսկսեն կանոններ դնել ու բացառել նմանատիպ դեպքերը։ Շատ եմ տեսել, որ հարվածում են մեքենաներին, գույքային վնասները տեսանելի են»։

Լրահոս

Օրացույց

Սեպտեմբերի 2024
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30