Ռուբեն Վարդանյանի իրավաբանական թիմը հրատապ դիմում է ներկայացրել ՄԱԿ խոշտանգումների դեմ կոմիտեին

Գործարար, ԼՂ նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի միջազգային իրավաբանական թիմը հրատապ դիմում է ներկայացրել ՄԱԿ-ի Խոշտանգումների դեմ կոմիտեի հատուկ զեկուցողին։

«Հաշվի առնելով Ռուբեն Վարդանյանի ազգային պատկանելությունը, Լեռնային Ղարաբաղի կառավարությունում նրա՝ նախկին բարձրաստիճան պաշտոնյայի կարգավիճակը, Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի և Լեռնային Ղարաբաղի ժողովրդի նկատմամբ վերաբերմունքի բացահայտ քննադատությունը, ինչպես նաև նրան կալանքի տակ պահելը Պետական անվտանգության ծառայության ներքո (որը տխրահռչակ համբավ ունի էթնիկ հայերի խոշտանգումների հարցում), Վարդանյանը գտնվում է հետագա խոշտանգումների և դաժան վերաբերմունքի վերահաս վտանգի տակ:

«Մենք ցնցված էինք՝ իմանալով, թե ինչ սարսափների միջով է անցել հայրս։ Սարսափելի է անգամ մտածել, թե ինչ են անում Ադրբեջանում ոչ այդքան հայտնի բանտարկյալների նկատմամբ, որոնք նման միջազգային աջակցություն չեն ունեցել, ինչպես հայրս։ Հանուն Ադրբեջանում պահվող բոլոր քաղբանտարկյալների՝ լինեն հայեր, ադրբեջանցիներ կամ որևէ այլ ազգության ներկայացուցիչներ, նմանօրինակ անմարդկային վերաբերմունքը բանտարկլայների նկատմամբ պետք է դադարեցվի։ Մենք կոչ ենք անում ՄԱԿ-ին՝ Ադրբեջանի կառավարությանը պատասխանատվության ենթարկել և օգնել պաշտպանելու հորս կյանքը»,-նշել է Ռուբեն Վարդանյանի ավագ որդին՝ Դավիթ Վարդանյանը:

Մայիսի 16-ին Բաքվի դատարանը 5 ամսով երկարաձգել է Լեռնային Ղարաբաղի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի կալանքը:

Հիշեցնենք՝ ապրիլի 19-ին Ռուբեն Վարդանյանի գրասենյակից հայտնել էին, որ Բաքվում կալանավորված Վարդանյանը հացադուլ էր հայտարարել՝ պահանջելով անհապաղ և անվերապահորեն ազատ արձակել իրեն և Բաքվում ապօրինաբար պահվող մյուս հայ բանտարկյալներին։

Հացադուլը նա սկսել էր 2024 թ. ապրիլի 5-ին, որը հաջորդել էր միջազգային իրավական չափանիշներին համապատասխան, ժամանակին և արդար ու թափանցիկ դատավարություն ապահովելու վերաբերյալ Վարդանյանի և նրա փաստաբանի բազմաթիվ դիմումներին։

Ապրիլի 25-ին Ռուբեն Վարդանյանը դժկամությամբ, բայց համաձայնել էր ընդհատել հացադուլը․ նրան թույլ էին տվել խոսել կնոջ հետ:

Սեպտեմբերի 27-ին ԼՂ նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը, երբ փորձել էր հատել Հակարիի կամուրջը և գալ Հայաստան, նրան Ադրբեջանի սահմանային ծառայության ծառայողները ձերբակալել էին և տեղափոխել Բաքու: Տեղեկությունը նախ գրեցին ադրբեջանական լրատվամիջոցները, ապա հաստատեց Վարդանյանի կինը՝ Վերոնիկա Զոնաբենդը, այնուհետև՝ Ադրբեջանի սահմանային ծառայությունը:

Բաքվի դատարանը Ռուբեն Վարդանյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրել կալանքը:

Լրահոս

Օրացույց

Սեպտեմբերի 2024
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30