Փաստաբանները խոսել են Վահան Քերոբյանի դեմ քրեական գործի ընթացքից

«Ինչպես մենք կանխատեսում էինք, այս գործին երկար ընթացք չէր սպասվում։ Այսօր մենք ունենք ութ մեղադրանքներից վեցի քայքայման իրողություն», — ասուլիսի ժամանակ այս հայտարարությունն արեց Վահան Քերոբյանի փաստաբան Տիգրան Եգորյանը:

Շարունակելով՝ Տիգրան Եգորյանն ասաց․ «Իրականությունն այն է, որ այդ վեցից մեկն ընդհանրապես արդարացվել է, մնացածը՝ կիսով չափ։ Վերջին ձևակերպման էությունն այն է, որ վերջիններս մեղքն ընդունեցին և գործուն զղջալու արդյունքում որոշվեց քրեական հետապնդումը դադարեցնել։ Գործի նյութերին ծանոթանալուց հետո հանգում ենք այն եզրակացության, որ մարդիկ չեն ընդունում առաջադրված մեղադրանքը, սակայն այս պատմությունից ազատվելու համար համաձայնվում են որևէ հիմքով քրեական հետապնդումից ազատվել։ Երբ ուսումնասիրում ենք մեզ տրամադրված տեսանյութերը, ապա համոզվում ենք, որ դրանք ոչ թե հարցաքննություններ են, այլ քարոզչական բնույթի նյութեր են՝ ցանկալի տվյալներ արձանագրող, նույնիսկ եթե դրանք տարբերվում են հարցաքննվող անձի բանավոր ներկայացրած ցուցմունքներից։ Այսպիսի մակարդակում է իրականացվել քրեական հետապնդումը», -ասաց Եգորյանը։

Եգորյանն ընդգծեց, որ այս գործի հիմքում բացակայում է հանրային վտանգավորության աստիճանի արարքները, պետությանը որևէ վնաս չի պատճառվել, հակառակ դեպքում հնարավոր չէր լինի կարճել քրեական հետապնդումը։ «Հետևաբար բաց է մնում այն հարցի պատասխանը, թե ինչի՞ մասին է այս գործը, եթե պետությանը վնաս չի պատճառվել,- ավելացրեց Եգորյանը։ Տիգրան Եգորյանն ասաց,որ իրենք դեռ լիարժեք չեն սկսել այն հրապարակային գործընթացը, որի ընթացքում կքննեն քննիչների ձևավորած պայմանական ասած, ապացույցները։ Ինչպես նաև պաշտպանական խումբն ունի մեղադրանքի էական մասերով հերքումներ, գործի այդ փլուզումները կարելի է անվանել այս գործի տապալման արձանագրում»,- ասաց նա։

«Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի համարում, որ պետությանը պատճառվել է վնաս, ի տարբերություն քննչական մարմնի տարածած նախնական պաթոսի, որ պետությանը պատճառվել էր վիթխարի վնաս», -ասաց Էկոնոմիկայի նախկին նախարար Վահան Քերոբյանի փաստաբան Վաչե Սիմոնյանը։

Սիմոնյանի խոսքով` երբ խոսում են հանրային վտանգի մասին, քրեական հետապնդումը գործուն հիմքով դադարեցնելու համար պետք է այդ հանրային վնասը հարթված լինի կամ այլ կերպ հատուցված։

«Մի քիչ մանրամասնեմ, թե ինչ հանրային վնասի մասին է խոսքը։ Առաջինն այն է, որ էկոնոմիկայի նախարարության բարի համբավին պատճառվել է վնաս, երկրորդ վնասն այն է, որ «Հարմոնիա» ընկերությունը կրել է վնաս` բաց թողնված եկամտի տեսքով, և երրորդ ամենամեծ վնասն այն է, որ պետությունը զրկվել է հանրային ներդրումների ծրագրի բանկ ստեղծելու հնարավորությունից։ Անցած շաբաթ Վահան Քերոբյանի մեղադրանքը փոփոխվել է, և պետությանը պատճառված հանրային վնասը հանվել է մեղադրանքի ձևակերպումից»,– ասաց Սիմոնյանը՝ հավելելով, որ գործն էապես «աղքատացել» է։

Նա նշեց, որ «Սիներջի»-ի գործով 6 մեղադրյալներից մեկն արդարացվել է, մյուսները՝ կիսով չափ,այսինքն՝ քրեական հետապնդումը դադարեցվել է՝ մեղսագրվող արարքը կատարված չլինելու հիմքով:

«Նմանատիպ որոշումներ կայացնելով, թե՛ արդարացնող, թե՛ վնասը հանելու պարագայում, գործն էապես աղքատանում է։ Դատախազության այս որոշումներով ցույց է տրվում, որ չի կարելի վստահել քննչական կոմիտեի հաղորդագրություններին»,-ասաց փաստաբանը։

Հիշեցնենք՝ էկոնոմիկայի նախկին նախարար Վահան Քերոբյանի նկատմամբ քրեական հետապնդում էր հարուցվել էկոնոմիկայի նախարարության կարիքների համար ծառայության ձեռքբերման մրցույթի ընթացքում առերևույթ չարաշահումների գործով: Քերոբյանը չի ընդունում իրեն առաջադրած մեղադրանքը:

Փետրվարի 16-ին Հակակոռուպցիոն դատարանը Քերոբյանի նկատմամբ որպես խափանման միջոց 2 ամիս ժամկետով տնային կալանք կիրառելու որոշում էր կայացրել, ապրիլի 13-ին խափանման միջոց տնային կալանքը երկարաձգվել է ևս երկու ամսով։

Լրահոս

Օրացույց

Սեպտեմբերի 2024
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30