Փաշինյանը՝ Հանրային հեռուստաընկերության դիրիժոր. «Հրապարակ»

Նիկոլ Փաշինյանի ընտանեկան թերթի «մասնաճյուղը» դարձած Հանրային հեռուստաընկերությունը նախօրեին հերթական ամոթալի քարոզչական թոզը փչեց լսարանի աչքերին՝ խեղաթյուրելով Արցախից բռնի տեղահանված Նարեկ Թեւոսյանի խոսքերը։ Լուրերի թողարկման ընթացքում հեռարձակված ռեպորտաժում երկու արցախցի տղամարդկանց գաղտնալսված հեռախոսազրույցը վերծանելով գրական հայերենի, արցախյան «վըննաման» բառը, որը «կոշիկ» է նշանակում, ներկայացվել էր որպես «վերցնել», եւ արդյունքում ստացվել էր, թե արցախցի տղամարդիկ գումար վերցնելու մասին են խոսում, իսկ դա, բնականաբար, պետք է հանրահավաքին մասնակցելու համար վճարվեր: Մինչդեռ Նարեկ Թեւոսյանն ընդամենը ասում էր, որ կոշիկը 2 հազար 200 դրամով է գնել՝ այն դեպքում, երբ նախկինում 40 հազարից պակաս գումար չի տվել կոշիկին։

Թեւոսյանը քրեական գործով է անցնում, նրա պաշտպան Ռուբեն Մելիքյանի ահազանգից հետո, որը տեղի ունեցածը «գեբելսյան քարոզչություն» որակեց, Առաջին ալիքը ներողություն խնդրեց՝ նշելով, որ վրիպակ են թույլ տվել։ Որ Հանրայինը միշտ է օրվա իշխանություններին սպասարկել, նորություն չէ, բայց մերօրյա Հանրայինն ուղղակի քարոզչական գործիք է դարձել, ընդ որում՝ ոչ այնքան պրոֆեսիոնալ գործիք։ Հանրայինի կորիզը Փաշինյանի ընտանեկան թերթի՝ «Հայկական ժամանակ»-ի նախկին խմբագիրն ու լրագրողներն են, որոնք բոլորիս վճարած հարկերից բարձր աշխատավարձեր են ստանում, բայց ոչ թե հանրությանն են ծառայում, այլ՝ վարչապետին․ եթերից բացառապես նիկոլական թեզեր են հնչում, սեւացվում ու նսեմացվում են բոլոր նրանք, ովքեր պայքարում են Փաշինյանի իշխանության դեմ։
ԵՊՀ Ժուռնալիստիկայի ֆակուլտետի տպագիր եւ հեռարձակվող լրատվամիջոցների ամբիոնի դոցենտ Աստղիկ Ավետիսյանը սրբազան պայքարին միացած քաղաքացիներին շարունակաբար թիրախավորելու իշխանական քաղաքականության մասին ասում է. «Իշխանությունը կարծես հոգեվարքի մեջ լինի։ Սրբազան պայքարին միացած մարդկանց պարբերաբար թիրախավորելով եւ վարկաբեկելով՝ փորձում են հասարակության լայն շրջանակների մոտ տպավորություն ստեղծել, որ իրենց դժգոհությունը հայտնող մարդիկ ռուսական գործակալներ են, որ գումար են ստանում, այդ պատճառով են փողոց դուրս գալիս, որ Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի դրդմամբ են փողոցում, որ նախկիններն ուզում են վերադառնալ, որ Արցախը նախկիններն են հանձնել, ի՞նչ անի «ազնիվ Նիկոլ Փաշինյանը», որ եկեղեցին իրավունք չունի քաղաքականությամբ զբաղվել…. Զավեշտը հասնում է այնտեղ, որ, որպես գործիք, օգտագործվում է Հանրային հեռուստաընկերությունը, որը պարտավոր է հանրության բոլոր շերտերի՝ տեղեկատվություն ստանալու պահանջները բավարարել, բայց վերածվել է մեկ անձի թատրոնի, որտեղ դիրիժորը վարչապետն է, իսկ նվագախումբը՝ լրատվական-քաղաքական օրակարգ ձեւավորողները, որոնց մեծ մասը Նիկոլ Փաշինյանի ընտանեկան թերթից հայտնվել է Հանրայինում եւ մանիպուլյատիվ տեղեկատվության տարածմամբ է զբաղված»։

«Դժվար չէ հասկանալ, որ արցախցիների զրույցը մանիպուլյատիվ ներկայացնելով՝ ինչպես Հ1-ը, այնպես էլ իշխանությանը սպասարկող լրատվամիջոցներն ու փորձագետներն ունեն հանձնարարություն եւ բոլոր հորինված ուղերձները հանրայնացնում ու տարածում են` ծախսելով անասելի գումարներ սոցիալական հարթակներում։ Կեղծիքը դիտում է 17 հազարից ավելի մարդ, որից հետո Հանրայինը կեսբերան, կեսօրին ներողություն է խնդրում, բայց դա իրավիճակը չի փոխում, այլ ընդհակառակը՝ սա պետք է դառնա նախադեպ, եւ Հանրայինը լքեն բոլոր ոչ պրոֆեսիոնալները։ Հետաքրքիր է՝ Հայաստանում գործող եվրոպական կառույցները չե՞ն հետեւում գործընթացներին։ Նախկինում շատ արագ գնահատական էին տալիս նման դեպքերում, հիմա լուռ հետեւում են, ինչը նշանակում է, որ խրախուսում են ոչ ժողովրդավարական մեթոդների կիրառումն ու խոսքի ազատության մանիպուլացումն ու չիրացումը»,- եզրափակեց Ավետիսյանը։

Հանրայինի նյութը դատապարտում է նաեւ Երեւանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը. «Հանրայինի նյութը եւ նման մոտեցումը լրագրողական աշխատանքին խիստ դատապարտելի է։ Ներողություն խնդրելը կարեւոր քայլ էր, մանավանդ որ հաճախ չենք տեսնում մեր լրատվամիջոցների կողմից իրենց սխալի ընդունումը։ Բավարար է դա, թե ոչ՝ կախված է նրանից, թե ինչպիսի հետեւություններ կանեն այդ միջադեպից Հանրայինի ղեկավարությունը եւ աշխատողները»: Նավասարդյանին հարցրինք՝ ինչպե՞ս է գնահատում Հանրայինի գործելաոճը, որը հերթական անգամ թիրախավորում է արցախցիներին՝ սպասարկելով քաղաքական իշխանությունների թեզերը։ Խնդրել էինք նաեւ գնահատել՝ արդյո՞ք քաղաքական կոռուպցիայի դրսեւորում չէ, որ իշխանությանը պատկանող լրատվամիջոցի նախկին լրագրողները հանրության հարկերի հաշվին գործող Հանրայինում իրենց նախկին ղեկավարի քաղաքական գիծն են սպասարկում։

««Հայկական ժամանակ»-ի նախկին աշխատողները ոչ միայն Հանրայինում են աշխատում, այլ նաեւ զբաղեցնում են տարբեր պետական պաշտոններ եւ անգամ ներկայացված են ընդդիմության շարքերում։ Բայց, իհարկե, անձնական հավատարմությունը, ցավոք, դարձել է մեր երկրում կարիերայի համար հիմնական գործոններից մեկը»,- ասաց Բորիս Նավասարդյանը՝ անընդունելի համարելով նեղ քաղաքական շահեր սպասարկելը, ինչը, ըստ նրա, այս կամ այն չափով բնորոշ է Հանրային (մինչ այդ՝ պետական) հեռարձակողին, անկախության ամբողջ ընթացքում:

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում:

Լրահոս

Օրացույց

Սեպտեմբերի 2024
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30